Վանաձորում հանրահավաք լինի, բացօթյա համերգ լինի, շքերթ լինի, ու առնվազն վերջում անձրեւը ,,չհարամի՞,,՝չլինելու բան է ու հաստատուն, չգրված օրենք՝ավանդույթի ուժ ստացած, որ գործել է բոլոր հասարակարգերում՝խորհրդային տարիներից մինչեւ մեր օրերը։Թեպետ՝2007թվի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընդդիմության հանրահավաքի ժամանակ մի վանաձորցի կին իշխանության հասցեին ասաց՝,,Ով գիտի էս անձրեւն էլ են իրանք սարքում,,։
Եվ անգամ՝անձրեւային եղանակին,երեկ, 2018թվի ապրիլի 28-ին, ՀՀ վարչապետի թեկնածու/խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերի կողմից առաջադրված/Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքը՝Վանաձորի Հայքի հրապարակում,լի էր ծով-բազմությամբ, որ լցվել էր ոչ միայն հրապարակ, այլեւ՝հանդիպակաց շենքի կամարների տակ, մոտակա հյուրանոցի մուտքի առջեւ գտնվող պատվանդանին, իսկ մարդկանց հոսքն էլ չէր դադարում։Եկել էին նաեւ այլ բնակավայրերից՝կարգախոսները գլխից բարձր պահած։Այս ամենն ինձ հիշեցրեց մեծն Չարենցի հայտնի պոեմի տողերը․
,,Քաղաքներից ու գյուղերից,
Ստեպներից հեռու ու մոտ,
Եկել էին նրանք նորից
Հուսավառված ու կրակոտ,,։
Նման համաժողովրդական ցնծություն՝մեկ էլ եղել էր 1998թվին՝երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հանդիպմանը, իսկ առհասարակ այս շարժումն իր բնույթով հիշեցնում էր 1990-ականների ազգային զարթոնքը։Նիկոլը դարձել էր կուռք․հասարակ, ,,բանվորագյուղացիական ծոցից ելած,, մարդիկ ողջունում ու ողջագուրվում էին Նիկոլի հետ, բարեմաղթանքներ հղում,ոգեորում։
,,Ոչ ՀՀԿ-ին,, եւ ,,Նիկոլ՝վարչապետ,, կարգախոսներ էին ամենուր թեւածում։Կային նաեւ ՀՀԿ-ին ու նրա կուսակից վարչապետին անվանարկող կարգախոսներ, որոնք կրում էին երիտասարդները։Ի դեմս Նիկոլի՝մարդիկ տեսնում էին իրենց փրկչի․իշխող կուսակցության սոցիալական ու գաղափարական դիկտատուրայից ազատելու ունակ եւ այդ առթիվ հասարակության լայն զանգվածների ուժերը մոբիլիզացնող/այդ են վկայում նաեւ նրանց հեռուստաելույթները/։Ի տարբերություն այս շարժման նախորդ հանրահավաքների, երիտասարդների սկսած թավշե հեղափոխությանն արդեն ինտեգրվել էին նաեւ տարեցները։Շատերը եկել էին ընտանիքներով՝երեխաների հետ։Նրանք, ովքեր էլ հնարավորություն չունեին հանրահավաքին մասնակցելու/այդ ժամին աշխատանքի լինելու պատճառով/մեծագույն ափսոսանք էին հայտնում․նրանց թվին էին պատկանում նաեւ խանութների աշխատողները, որոնք հանրահավաքին հետեում էին օնլայն ռեժիմով, բջջային հեռախոսներից։
․․․Առաջին միտքը, որ ծագեց գլխումս՝համաժողովրդական այդ տոնախմբությունը՝քաղաքականությամբ զուգորդված, տեսնելով/երբ թավշեհեղափոխականների խրոխտ ելույթներին նախորդում կամ հաջորդում էին ազգագրական երգերն ու ազգային ռեպերը, երիտասարդների ու երեխաների պարը/, այն էր, թե
,,Գլուխներդ բարձրացրեք ու նայեք երկնքից՝ՀՀԿ-ի զոռբաներից տուժածներ, արդարության համար մղած ձեր պայքարում զոհվածներ, ու թող ձեր հոգիները մխիթարվեն նրանով, թե ինչ խայտառակ ձեւով են հասարակության առաջադեմ ուժերն ու բազմահազարանոց ժողովուրդը ՀՀԿ-ին դուրս շպրտում իրենց աթոռներից, իշխանությունից ու սարքովի փառքից,մարդկանց կյանքից,խախտում նրանց դիրքերն ու կարծեցյալ անսասանությունը։Նայեք, թե ինչ հավատով է լցված այսօր վանաձորցին՝վաղվա օրվա հանդեպ, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ՝մարդիկ դեռ հուսահատված էին ու հուսալքված, իրենց վաղվա օրվա համար մտահոգ։Նայեք, թե ինչ անհանդուրժողոկանությամբ է այսօր լցված վանաձորցին՝դեռեւս իշխել փորձող ու ժողովրդին 20 տարի շարունակ բազում տառապանքներ պատճառած ուժի դեմ, ու լցված վճռականությամբ՝թույլ չտալու ՀՀԿ-ին վերստին վերադառնալ քաղաքականություն, եւ առանց վախի՝վանաձորցին այսօր ոչ միայն բացահայտ ,,Ոչ,, է ասում ՀՀԿ-ին, այլեւ՝այդ մասին հավաստում է՝հեռուստաելույթով կամ կարգախոսը գլխից բարձր պահած․եւ կամ՝ ավտոմեքենայի ապակու վրա ,,Ոչ ՀՀԿ-ին,, կարգախոսը փակցրած։Դուք չտեսաք ՀՀԿ-ի տապալումը ձեր կենդանության օրոք, բայց դա տեսան ձեր գործի շարունակողները՝արդարության համար պայքարող, որոնց իրենց պայքարից չկարողացան շեղել ոչ հալածանքները՝ռեակցիոն հետադիմական ուժերի կողմից, ոչ սադրանքները եւ ոչ էլ սոցիալական տեռորը, որովհետեւ իշխողները չհասկացան, որ մարդուն եթե ճնշում են, ապա նա ավելի է ուժեղանում ու ընբոստանում, եւ մարդկանց կամքի վրա հնարավոր չէ իշխանություն տարածել,,։
․․․Ո՞վ կպատկերացներ, թե երբեւէ հնարավոր է ՀՀԿ-ի 20-ամյա տիրապետության փլուզումը․դրա հավաստիացումները մնացել էին մինչ օրս եղած շարժումների առաջնորդների ելույթներում։Քանի-քանի Շարժումներ, ցույցեր ու երթեր են եղել, բայց ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասել․բացի այն, որ ,,ժողովրդավարության,, պատրանք ստեղծելու նպատակով իշխող կուսակցությունը թույլ է տվել, որ մի քանի ձայն ընդդիմությունն ստանա խորհրդարանում։Իսկ քանի-քանի ճակատագրեր խեղվեցին ՀՀԿ-ի ,,տանիքի,, ներքո պատսպարվող զոռբաների ձեռքով,որոնցից ոմանք այսօր էլ անպատիժ են ու մտածում են, թե ինչպես իրենց դիրքերը շարունակեն ամուր պահել՝մեկ այլ ,,տանիք,, տեղափոխվելով կամ հերթական դիմափոխությունն ունենալով,քանի-քանիսը ժամանակից շուտ կյանքին հրաժեշտ տվեցին՝հալածանքների ու սոցիալական տեռորի հետեւանքով, քանի-քանիսը հարկադրված գաղթեցին․․․
Մարդիկ արդեն հոգնել էին վախենալուց, կռացած ապրելուց, օրախնդիր պայքարից/ թե ինչպես մտածեն օրվա հացը մի կերպ վաստակելու մասին/, հոգնել էին կեղծիքներից, անարդարությունից, մոնոպոլիայից, մարդիկ հոգնել էին բռնատիրական համակարգում ապրելուց, որտեղ իշխում էր միայն մեկ ուժի չգրված օրենքն ու խաղի հատուկ կանոնները՝,,արեւի տակ տեղ ունենալու,, ցանկություն ունեցողների համար։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ