пятница, 21 января 2022 г.

,,Ամենամեծ շահը հոգեվորն է,,

 Կան մարդիկ, որոնք չնայած գրողների կամ լրագրողների միության անդամ չեն, եվ անգամ՝ բանասիրական կրթություն չունեն,բայց՝հոգու կանչով ստեղծագործում են։Նման մարդկանցից մեկն էլ մասնագիտությամբ քիմիկ,Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ եվ Կիրովականի ,,Ավտոգենմաշ,, գործարանի նախկին երկարամյա աշխատող,ներկայումս՝կենսաթոշակառու Ահարոն Իսոյանն է,ով 2018թվին գիրք է լույս ընծայել իր ծննդավայրի՝Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի պատմության,մարդկանց եվ նրանց կատարած գործերի մասին։,,Միայն իր բնօրրանի հանդեպ սիրով լցված մարդը կարող էր այսպիսի գիրք ստեղծել, միայն իր բնօրրանի հոգսերով ու վաղվա օրով ապրող մարդը կարող էր իր թանկ ժամանակը ծախսել այսպիսի անշահ գործի համար։Ասացի անշահ, բայց ամենամեծ շահը հոգեվորն է,իսկ հեղինակի համար իսկապես կա այդ հոգեվորը, քանզի սերունդները պետք է հիշեն նրան,,-գրքի առաջաբանում նշել է ծովազարդցի Շալիկո Մնեյանը։1897թվին 887բնակիչ ունեցող Ծովազարդ գյուղը 2004-ին ունեցել է 2195բնակիչ։Գրքից տեղեկանում ենք, որ Արեվմտյան Հայաստանից Ծովազարդ են գաղթել 1915թ․Մեծ եղեռնից փրկված շուրջ 27 ընտանիք,իսկ բնակիչների մի մասն էլ փոխադրվել են Գավառի շրջանի Արծվաքար եվ Սարուխան գյուղերից։Հենց Արեվմտյան Հայաստանից գաղթած Սահակյաններից մեկի պատմածով էլ ներկայացվում են հայկական ջարդերի մասին ցավալի վկայություններ։Գրքի մեջ տեղ են գտել Հայրենական Մեծ պատերազմին,Արցախյան պատերազմին եվ մասնավորապես՝2016թ․քառօրյային մասնակցած ծովազարդցիների մասին կենսագրական տեղեկություններ, լուսանկարներ, եվ այս առումով գիրքը պատմական լուրջ արժեք է ներկայացնում։Գրքում ներկայացված են նաեւ Ծովազարդում ծնված մտավորականներ, նշանավոր մարդիկ՝հեղինակի բնորոշմամբ։Պարզվում է, ծովազարդցի է նաեւ հայտնի երգիչ Ներսես Իսպիրյանը,որ 1990-ականներին տեղափոխվել է Ամերիկա, եվ որդին նույնպես երգիչ է՝Արաբո Իսպիրյան։Հատկանշական է, որ հեղինակը սիրով՝անվանիների շարքին է դասել նաեւ իր գյուղի հասարակ մարդկանց, պարզ շինականին,վերջիններիս մեծարելով որպես ,,Անվանի երիտասարդ հյուսներ,, ,,Անվանի հովիվներ,, ,,Անվանի կթվորուհիներ,, ,,Անվանի քարտաշներ,,։Թվարկել է նաեւ տարբեր ժամանակներում գյուղը ղեկավարած գյուղխորհրդի նախագահներին,ներկայացրել է տոհմագրական տվյալներ, տոհմածառեր։Զգացվում է, որ հեղինակը հանդիպել եվ զրուցել է շատերի հետ, հավաքել տեղեկություններ, մանրամասն պրպտել։Գիրքն արժեքավոր է նաեւ բանահյուսական տեսանկյունից․այստեղ տեղ են գտել հարսանիքներին եվ թաղումներին վերաբերվող ծիսակատարությունների մանրամասն նկարագրություններ,ժողովրդական խաղեր, երգեր, ասացվածքներ,բարբառային արտահայտոթյուններ՝դրանց զուգահեռ ներկայացված գրականով։ Հեղինակի աչքից չեն վրիպել նաեվ գյուղը շրջապատող հին դամբարանները, խաչքարերը, եկեղեցին։Կան նաեւ հետաքրքիր պատմություններ՝ծովազարդցիների հետ պատահած։Գրքում տեղ են գտել նաեւ մեծ թվով անեկդոտներ/ի դեպ, գրքից եվ անձամբ հեղինակից տեղեկացանք, որ այժմ պատրաստվում է լույս ընծայել նաեւ անեկդոտների ժողովածու՝մոտ 3000անեկդոտ,ինչպես նաեւ գիրք՝նվիրված աշխարհի ֆուտբոլի պատմությանը, որի մեծ երկրպագուն է Ահարոն Իսոյանը/։

․․․Թերեվս, համեստությունն է պատճառը, որ մինչ օրս Ահարոն Իսոյանը գրողների միության անդամ չէ եվ ընդհանրապես գրական շրջանակներում հայտնի չէ։Հեղինակին,որ, չնայած պատկառելի տարիքին, ստեղծագործում է երիտասարդի ավյունով, ցանկանում ենք նորանոր հաջողություններ՝նոր գրքերի հրատարակման գործում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր,ՎՊՄԻ լեզվագրական ֆակուլտետի շրջանավարտ