вторник, 13 декабря 2022 г.

Արցախյան օրագիրը շարունակվում է

 Եթե մի ժամանակ ասում էին ,,Ետպատերազմյան շրջան,, ավագ սերունդը՝սովետական շրջանի, հասկանում էր 1945թ․ավարտված Հայրենական մեծ պատերազմը, որ տեվեց 4 տարի։Հիմա որ ասում են ,,ետպատերազմյան,,՝որոշ դեպքերում կարող է նկատի առնվել 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմը։Ահա այս տեսանկյունից էլ նկարահանվել են երիտասարդ ստեղծագործողների,անկախության սերնդի սկսնակ ռեժիսորների կարճամերտրաժ վավերագրական ֆիլմերը՝2022թ․նկարահանված։Դրանցում ներկայացված են եվ արցախյան 44-օրյայի մասնակիցների կյանքից դրվագներ, եվ նրանց մտորումները,եվ սահմանամերձ գյուղերի կյանքը՝պատերազմից հետո/թեպետ՝արցախյան պատերազմը փաստացի չի էլ ավարտվել, քանի դեռ սահմանի մյուս կողմից չեն դադարում կրակել՝պարբերաբար հիշեցնելով Հայաստանի եվ Արցախի նկատմամբ իրենց զավթողական-պահանջատիրական նկրտումների մասին/։

   Վերոնշյալ ֆիլմերի դիտում-քննարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին՝Վանաձորի ինֆոտանը։Մասնակցության հայտերը համացանցային ճանապարհով էին՝տեղեկատվական իրազեկմամբ/այնպես, ինչպես նոյեմբերին տեղի ունեցած խորհրդային կյանքի մասին պատմող ֆիլմերի փառատոնը,որ ,թեպետ՝շատ ավելի մեծ մասնակցությամբ էր եվ ,,Լոռի,, ժամանցի կենտրոնի կինոդահլիճում/։

   4 ֆիլմերից երկուսի հեղինակներն էին ներկա`Լոռու մարզից,ինչպես նաեւ՝ֆիլմերի ստեղծման խորհրդատուն՝Երեվանից,Վիզուալ ինովացիոն ֆիլմերի ստուդիայից։Մյուս երկու ֆիլմերի հեղինակները, որոնք ներկա չէին, Արցախից էին։

Վանաձորցի Լուսինե Զաքարյանի ֆիլմում,բացի Կապանում ծառայող զինվորի մտորումները, նաեւ անդրադարձ կար այդ զինվորի ծննդավայրի՝Լոռու մարզի Գուգարք գյուղի մասին, որն արդեն մտնում է Վանաձոր խոշորացված համայնքի մեջ։Պարզվում է, գյուղում մինչ օրս տնակներ կան՝88-ի երկրաշարժից հետո տեղադրված, վաղուց արդեն ժամկետանց,որոնց մեջ բնակվում են,ապրում, արարում մարդիկ, իսկ տնակները հաճախակի են այրվում․եվ, քանի որ ֆիլմից չէր զգացվում, թե ինչ պատճառով են այրվում, ուստի հեղինակից հետաքրքրվեցինք․վերջինս դա բացատրեց նրանով, որ փայտաշեն էլ կան, ու դրանցում վառարաններ են օգտագործում՝փայտե վառարաններ։Քննարկմանը ներկա մասնակիցներից մեկին էլ էր մտահոգել,որ,փաստորեն, դեռ գոյություն ունեն տնակներ։

Ռեժիսորական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի.Լոռու մարզի Մեծավան գյուղից Մարինա Սոլոյանի ֆիլմն էլ պատմում էր 2018թվին ԱՄՆ-ից Հայաստան զինվորական ծառայության եկած, եվ թշնամու գնդակից զոհված Արեն Մեհրաբյանի եվ նրա ծնողների, ընկերների մասին,որոնց հետ զրուցելու նպատակով հեղինակը եղել էր նաեւ ԱՄն-ում՝նրանց բնակության վայրում։Ի հիշատակ իրենց զոհված որդու՝Արենի, ծնողները որպես հոգու սփոփանք՝ստեղծել են հիմնադրամ,եվ անգամ՝ձեռնամուխ եղել անօդաչու սարք արտադրող գործարանի ստեղծմանը՝Հայաստանում/այդ մասին պատմող տեսանյութերը մենք տեսանք նաեւ հիմնադրամի բլոգում եվ ֆեյսբուքյան էջում/։

Հետաքրքիր էին Արցախի պատանիների մտորումները՝մեկ այլ ֆիլմում․արցախցի պատանիները իրենց տպավորություններն էին հայտնում արցախյան պատերազմից՝Արցախի կոլորիտային բարբառով, անգամ՝սրամտում։Արցախցի պատանին հպարտությամբ ասում է, որ 3 տարի հետո մեկնելու է ծառայության, եվ երազում է տեսնել Շուշիի ետգրավումը․,,Ուզում եմ իմ աչքով տեսնեմ, թե ոնց ենք Շուշին վեր ունում,,։Արցախցի երեխան երազում է Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին, ու այժմվանից է պատրաստվում հայրենիքին պիտանի,լավ մարզավիճակում գտնվող զինվոր լինել․զբաղվում է ֆուտբոլով, կարատեով, մրցումների է մեկնում Երեվան,քանի որ, նրա խոսքերով, Արցախում մրցումներ չեն անցկացվում։

4-րդ ֆիլմը պատմում էր Սյունիքի Ակներ գյուղի անասնապահների դաշտային կյանքի մասին/,,Ակների սարի սեզոնը,,/․սարերում կովեր ու ձիեր են պահում,խոտ են հնձում,ապրում են հին ու մաշված ավտոբուսից մնացած ինքնաշեն կացարանում,սար են գնում բեռնատարի թափքի մեջ լցված, բայց՝ամեն րոպե աչքի առաջ ունեն թշնամու կողմից գնդակոծվելու հանգամանքը, եվ կառավարությունից պահանջում են, որ իրենց սահմանամերձ գյուղի կարգավիճակ տան։

Երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի մասին եզրափակիչ ու մասնագիտական խոսքով հանդես եկավ քննարկման ամենատարեց մասնակիցը՝վանաձորցի հայտնի դերասան Վրույր Սարգսյանը։Իսկ մենք հիշեցինք, որ 1996թվին Վանաձորի երբեմնի ,,Երեվան,, կինոթատրոնի դահլիճում մեկ այլ կինոդիտիտում էր՝պատերազմի թեմայով․,,Արցախյան անավարտ օրագիր,,գեղարվեստական ֆիլմի դիտումը՝ստեղծագործական կազմի մասնակցությամբ, ու այդ ֆիլմի դերասաններից էր նաեւ Մայիս Սարգսյանը/,,Առավոտ,, 16․11․1996թ․,,Նոր ֆիլմ՝վանաձորյան դերասանների մասնակցությամբ,,/։Փաստորեն, 26 տարի անց արցախյան օրագիրը դեռ շարունակվում է՝պատերազմի տեսքով,ու թե ինչքան կտեվի՝դժվար է ասել։

․․․Հաճելի զարմանքով նկատեցինք, որ Վանաձորի Ինֆոտան սրահում ցուցադրված էին ,,Խորհրդային անցյալի վերաիմաստավորում,,թեմայով նոյեմբերին կայացած  փառատոնի լուսանկարչական ցուցահանդեսին մեր ներկայացրած ֆոտոները՝նախկին Կիրովականի գործարանային ու կրթական կյանքի մասին պատմող։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր