четверг, 9 ноября 2023 г.

,,Գնա մեռի՝արի սիրեմ,,

 ՁՈՐԱԳԷՍԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՂԵԿԱՎԱՐ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԸ 30-ԱԿԱՆՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ Է ԵՂԵԼ

----------------------------------------------------------------------------------------------------------------

Մամուլի արխիվներից պարզվեց, որ 1930-ականների  բռնաճնշումների զոհ է եղել նաեւ Իոսիֆ Անդրեյի Տեր-Աստվածատրյանը,որի՝բռնաճնշումների զոհ լինելու փաստը հաստատող մի վկայության հանդիպեցինք՝1998թ․ ,,02,,շաբաթաթերթի օգոստոսի 15-ի համարում՝,,ՀԽՍՀ ՆԳԺԿ-ն եվ 30-ականների ստալինյան բռնությունները,, հոդվածում, որտեղ ասվում է․,,Ավելի կոնկրետ օրինակներ է բերում Գ․Ռուդնիկի նախկին աշխատակից,1954թ․որպես վկա հարցաքննված Ե․Չմշկյանը,ով պատմում է,թե ինչպես էր իրենց բաժանմունքի պետը հարցաքննում Հայաստանի ճանաչված էներգետիկներից մեկին՝Տեր-Աստվածատրյանին։Մասնավորապես, անձամբ ծեծում էր, օրերով կանգնած պահում պատի առաջ,ստիպում ,,խոստովանել,, մեղքը, չնայած՝նա անընդհատ ժխտում էր դրանք,եվ երբ իմանում է,որ Տեր-Աստվածատրյանին գնդակահարության չեն դատապարտել,պնդում է վերանայել գործը եվ հասնում նրան,որ անմեղ մարդուն գնդակահարում են,,։

   Միգուցե դառն հումորի պես հնչի, եթե մտածենք, որ,թերեվս, Տեր-Աստվածատրյանին դատել են նրա համար, որ անունն Իոսիֆ է եղել/ երեվի չե՞ն ուզեցել,որ գերագույն գլխավոր Իոսիֆից/Ստալինից/ բացի մեկն էլ լինի/,բայց առավել սոսկալի է,երբ նույն հոդվածից տեղեկանում ենք, որ ՀԽՍՀ ժողկոմխորհի նախկին նախագահ Ս․Տեր-Գաբրիելյանին էլ անգամ մինչեւ դատն են դաժան ճակատագրի արժանացրել՝ծեծելուց հետո,եվ այդ առթիվ էլ նույն հոդվածում նշվում է․,,Կարծում ենք, այժմ սկզբունքային նշանակություն չունի,թե Ս․Տեր-Գաբրիելյանին ցա՞ծ են նետել պատուհանից,թե՞ ինքն է դուրս նետվել,քանի որ 2 դեպքում էլ դա տեղի է ունեցել քննիչների անմարդկային վերաբերմունքի պատճառով եվ կարելի է գնահատել որպես սպանություն,,։Հետագայում, 50-ականների քաղաքական ,,հալոցքից,, եվ անձի պաշտամունքի դատապարտումից ու վերացումից, այդ տարիների քաղաքական գնահատականից հետո  թերեվս արդարացվել է նաեւ Ս․Տեր-Գաբրիելյանը․այնպես, ինչպես Տեր-Աստվածատրյանը,որոնց մասին արդեն լուսավոր ֆոնի վրա է հիշատակվում՝50-ականներին/․մասնավորապես, 1957թվի ,,Սովետական Հայաստան,,թերթի նոյեմբերի 20-ի համարում՝,,Ձորագէսի հիդրոէլեկտրակայանի 25-ամյակը,, հոդվածում ասվում է․,,Նոյեմբերի 17-ին հիդրոէներգետիկների ավանը տոնական տեսք էր ստացել։Վաղ առավոտից այնտեղ սկսեցին գալ բազմաթիվ հյուրեր՝Ձորագէսի Ս․Տեր-Գաբրիելյանի անվան հիդրոկայանի տոնակատարությանը,ինչպես նաեւ կայանի հեղինակ եվ շինարար ինժեներ Իոսիֆ Տեր-Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը մասնակցելու համար։Ցերեկվա ժամը 2-ին հիդրոէլեկտրակայանի շենքի մոտ տեղի ունեցավ տաղանդավոր ինժեներ եվ հայրենասեր Ի․Ա․Տեր-Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը նվիրված բազմամարդ միտինգ։Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ նախագծվել եվ կառուցվել են Ձորագէսի հիդրոկայանը եվ Հայաստանի ուրիշ հիդրոէլեկտրակայաններ։Վերցնում են հիդրոէլեկտրակայանի մուտքի մոտ ամրացված,հղկված մարմարե տախտակների սպիտակ ծածկոցը։Հայերեն եվ ռուսերեն գրված է․,,Ձորագէսի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1932թվականին։Շինարարությունը ղեկավարել է Իոսիֆ Տեր-Աստվածատրյանը,,։

Ահա այսպիսի հետմահու մեծարանք/այստեղ են ասել՝,,Գնա մեռի՝արի սիրեմ,,/։Այսպիսով, 50-ականներին արդեն սկսել են արդարացնել եվ մեծարել նրանց, ում 30-ականներին  հանիրավի հալածել են,ում մեղադրել են՝անհիմն մեղադրանքներով, հաճախ անգամ՝մեկ մարդու ցումունքով կամ անոնիմ նամակներով,շատերին գնդակահարել, շատերին աքսորել՝ ,,ժողովրդի թշնամի,, ճանաչելով։Իհարկե ոչ մի արդարացման դատավճիռ կամ արտոնություններ՝նրանց ժառանգներին, չի կարող ետ բերել նրանցից բռնությամբ խլված կյանքը,բայց եթե այսօր հասարակությունն իր զգոնությունը կորցնի, ապա նույնը տեղի կունենա նաեւ այսօր։

․․․Ի դեպ, նոյեմբերի 15-ը պաշտոնապես համարվում է Ձորագէսի հիմնադրման օր։,,1932թ․գործարկվեցին Երեվանի եվ Լենինականի 2-րդ հիդրոէլեկտրակայանները։Նույն տարվա նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Ձորագէսի ՀԷԿ-ի գործարկումը։Այդ օրը մեծ տոն էր Հայաստանի Անդրկովկասի աշխատավորության համար։Ձորահէկը,որն ուներ միութենական նշանակություն,էլեկտրաէներգիա պետք է մատակարարեր Ալավերդու պղնձաձուլական եվ Ղարաքիլիսայի/1935-ից՝Կիրովական/մեծ քիմիական գործարանները։Նրա հզորությունը շատ ավելին էր, քան՝հանրապետության մյուս բոլոր կայանների հզորությունները միասին վերցրած,,-գրված է 1987թ․հրատարակված ,,Հայ ժողովրդի պատմություն,, դասագրքում/9-10-րդ դասարանների համար/։

   Այս տարի լրանում է Ձորագէսի հիդրոկայանի գործարկման 91-րդ տարեդարձը։Այս առթիվ ներկայացնենք եվս մեկ մեջբերում՝25-ամյակին նվիրված սովետական թերթից,որտեղ կա հիշատակություն նաեւ լուսահոգի պապիս՝Գարեգին Հարությունյանի եվ նրա հին գործընկեր/ի դեպ նաեւ՝նախկին հարեվան/, Ձորագէսի հնագույն բնակիչ Լոռիս-Ռուսսո Ռուբենի մասին․,,Վերջում Ձորագէսի կոլեկտիվի անունից հանդես եկան ինժեներ Ռ․Լոռիս Ռուսսոն եվ էլեկտրացեխի վարպետ Գ․Հարությունյանը։Նրանք ի սրտե շնորհակալություն հայտնեցին ջերմ բարեմաղթանքների համար եվ հավաստիացրին, որ հիդրոէներգետիկների կոլեկտիվն այսուհետ նույնպես կձգտի պատվով կատարել իր խնդիրները՝ռեսպուբլիկայի ժողովրդական տնտեսությանն ապահովել էլեկտրաէներգիայով,,։

․․․․Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ Ի․Տեր-Աստվածատրյանի մասին՝,,Վիքիպեդիայից,,։Այնտեղ ասվում է․,,1927թվից եղել է Ձորագէտի եվ Քանաքեռ ՀԷԿ-երի շինարարության գլխավոր ինժեները,այնուհետ՝պետը։Տեր-Աստվածատրյանը կազմակերպել է եվ առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀ-Ի-ն/այժմ Շինարարության եվ Ճարտարապետության ինստիտուտ/ ու ,,Հիդրոէլեկտրանախագիծ,,/

այժմ՝,,Հիդրոնախագիծ,,/բաժանմունքը։Տեր-Աստվածատրյանը Հայաստանում հիդրոտեխնիկայի եվ հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր