воскресенье, 2 октября 2016 г.

,,Վանաձորի օրը,,՝ բերման ենթարկված,,․ ,,հեղինակային իրավունքն,, էլ վաճառվա՞ծ

Ինչ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն սկսվել է, Վանաձորի Հայքի հրապարակում պարբերաբար համերգներ, երաժշտական միջոցառումներ են տեղի ունենում։Հիմա երեկ, փաստորեն, տեղական իշխանությունները օրվա երկրորդ կեսին որոշեցին ,,չուզողների,, ջգրու՝էդ համերգի ֆոնին եւս մեկ հնարավորություն ունենան  անուղղակի քարզչություն իրականացնել՝,,երջանիկ կյանքի,, իմիտացիա ստեղծելու նպատակով, ու միջոցառման անունը դնել ,,Վանաձորի օր,,/թեպետ այդ օրն անցկացնելու ծրագիր այս տարի չէր էլ կազմվել՝արդեն հեռացող քաղաքապետարանի կողմից/։

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝1999թվից պաշտոնավարող, իր իսկ ավագանու կողմից 2000թվին հիմադրված տոնի առթիվ ելույթում առաջին անգամ՝17 տարվա ընթացքում հիշատակեց քաղաքի հնարավոր տարեթիվը․․,,Վանաձորը քաղաք է դարձել 1824թվականին,,․երեւի որեւէ պատմաբան է հուշել՝որեւէ գրանտային ծրագրի միջամտությունից հետո։Ամեն դեպքում՝լավ է ուշ, քան՝երբեք։Բայց թե ինչու՞ են Դարբինյանի օրոք հիմնադրված այս տոնը/որ հայտնի չէ՝հաջորդների կողմից կնշվի՞, թե՞՝ չէ/ որոշ նորաթուխ ԶԼՄ-ներ վերագրում ․․․1996-99թվերին պաշտոնավարած նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանին՝դժվար է ասել․կամ՝մրցանակ է սահմանվել՝,,Ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է,, նոմինացիայում, կամ՝ պարզապես ներկա քաղաքապետը վաճառել է տոնի նկատմամբ իր հեղինակային իրավունքը։Փաստ է այն, որ երեկ ,,Վանաձորի օրը,, միգուցե վերջին անգամ պտտվում էր քաղաքապետարանի մատույցներում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 1 октября 2016 г.

Հարգենք ,,Վանաձորի օրվա,, հիշատակը՝մեկ րոպե լռությամբ․ կամ՝,,անհայտ բացակայող ,,ճանաչենք

2000թվից սկսած՝յուրաքանչյուր հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը նշվում էր որպես ,,Վանաձորի օր,,։Այն Վանաձորի համայնքի ավագանու որոշմամբ էր սահմանվել եւ 1999թվից պաշտոնավարող քաղաքապետ Սամվել Դարբինյանի ,,ձեռամբ,, վավերացվել։Այդ օրը ոմանք ընկալում էին որպես ,,Դարբինյանի օր,,։Այդ օրը մայրաքաղաքի բարձրաստիճան հյուրեր էին ժամանում/գլխավոր դատախազ, վարչապետ․․․/, ու քաղաքապետի ու մարզի ղեկավար այրերի հետ միասին ՝Հայքի հրապարակում սովետներից մնացած տրիբունայի վրա կանգնում էին, շքերթ ընդունում՝կիրովականյան տարիների շքերթի նման։Անգամ՝անկախության օրը չէր Վանաձորում այդպես մեծաշուք նշվում/եթե, իհարկե, հիշում էին այդ օրը նրանք, ովքեր անկախության շնորհիվ էին իրենց բարձր պաշտոններն ստացել, որի մասին միգուցե չէին էլ կարող երազել՝սովետական տարիներին/։Ու հետաքրքիրն այն է, որ այդ օրը ոչ աշխատանքային էր լինում նաեւ նրանց համար, ովքեր ի պաշտոնե քաղաքապետարանի ենթակայության տակ չէին։Այդ օրը դպրոցականներին էլ էին շքերթի հանում, մինչդեռ դպրոցները ԿԳ նախարարությանն են պատկանում։Ինքներդ դատեք․որքանո՞վ էր դա օրինական։

Անցած տարի ,,Վանաձորի օրը,, դարձավ 16 տարեկան/այսինքն ,,չափահասություն,, ստացավ/։Իսկ թե քանի տարեկան է Վանաձոր-Կիրովական-Ղարաքիլիսան, այդպես էլ չիմացվեց․դե կարեւորը, որ ասեն՝,,Վանաձորի օր,, ու որ այն, պետք է խոստովանել՝Դարբինյանի օրոք է հիմնադրվել, մնացածը ,,կարեւոր,, էլ չի․հետո՞ ինչ, թե ՀՀ այլ քաղաքներում, եւ հատկապես՝մայրաքաղաքում, որ տվյալ քաղաքի տոնը նշում են, տարեթիվն էլ են նշում։

Եթե այս տարի իշխող կուսակցությունը կրկին գործող քաղաքապետին առաջադրեր՝հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում,ամենայն հավանականությամբ, ,,Վանաձորի օրը,, կրկին կնշվեր, ու կրկին՝առանք քաղաքի տարեթիվը նշելու/ միայն ասելով, որ այն թվով 17-րդն է/,իսկ առայժմ մնում է մեկ րոպե լռությամբ հարգել ,,Վանաձոր օրվա,, հիշատակը, կամ՝ճանաչել ,,անհայտ բացակայող,,․,,Ծնվել է 2000թ․՝Վանաձորի ավագանու որոշմամբ։2016թ․հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ դուրս է եկել Վանաձորի մատույցներից եւ այլեւս չի վերադարձել։Ճանաչել անհայտ բացակայող,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ