пятница, 17 сентября 2021 г.

,,Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է,,

 Սովետական տարիների/1970-80-ականներ/ ժամանակակից հայ արձակի  գրողներին ծանոթ եմ այնքանով, որքանով այն տեղ է գտել ,,Գարուն,, ամսագրում,որի մշտական ընթերցողն եմ եղել/բացառությամբ՝Հրանտ Մաթեվոսյանի,որի ,,Ծառերը,, գիրքն ընտրել էի որպես կուրսային աշխատանք՝մեզ ներկայացված ցանկից/։Եվ ահա, այդ բացը լրացնելու հնարավորություն ունեցա,երբ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի ,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,, ստեղծագործությունների/պատմվածքներ, վիպակներ, էսսեներ/ ժողովածուն՝2000թվին հրատարակված/։Գրքի վերնագիրը վերցված է հենց այդ  ստեղծագործություններից մեկից,որ, ավելի շուտ պատմական հուշագրություն է Հայաստանի ներկայի ու ապագայի համադրությամբ, եվ այդ ֆոնին հեղինակի ինքնատիպ մեկնաբանություններով։Սա ընթերցելիս համոզվում ենք, որ համալսարանական կրթությամբ, բանասեր Վանոն ոչ միայն տաղանդավոր գրող է, այլեւ՝հիանալի պատմագետ,որ հաջողությամբ վերլուծում է հայ ժողովրդի համար բախտորոշ պատմական իրադարձություններն ու դեպքերy։Նաեւ՝հայրենասեր է, որովհետեվ պարբերաբար գորովանքով հիշատակում  է ,,Հայաստան,, բառը։

,,Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է,,-գրում է հեղինակը,ու սա միակ պատկերավոր միքտը չէ Հայաստանի մասին․դրանում համոզվելու համար պետք է գիրքը մանրամասն կարդալ։Ու կհասկանանք նաեւ, որ ռազմական գործից էլ է լավ հասկանում,երբ վերլուծում է Ղարաքիլիսայի ճակատամարտը եվ դրանում ընդգծում լոռեցիների դերը․չմոռանալով ընդգծել, որ Ալեքսանդրապոլը, ի տարբերություն Ղարաքիլիսայի, հանձնել են առանց պայքարի։/Ալեքսանդրապոլի այդ տհաճ դեպքերի մասին գեղարվեստական հիշատակություն կա Վահան Գրիգորյանի ,,Փրկություն,, վեպում,որտեղ ընդգծված է կարմիր բանակի դերը՝հետագա հաղթանակի գործում․բայց Վանոն կարմիր բանակի հետ գործ չունի եվ գտնում է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը նպաստեց, որ թուրքերը Երեվան չմտնեն․թեպետ՝որպես Երեվանի փրկություն սկզբում հնարավոր է համարվել Ղարաքիլիսայի հանձնումը/։Հայ ազգի 2 մեծերին համարում է Զորավար Անդրանիկին եւ Հովհաննես Թումանյանին․մեկը՝որպես Առաջին զորավար, մյուսը՝որպես Առաջին բանաստեղծ։Հիշատակում է, որ ,,67 տարի առաջ,,/այսինքն՝1918թվին, քանի որ հուշերը գրել է 1985թվին/ Անդրանիկը Դսեղում հյուրընկալվել էր Թումանյանի տանը։Գիրքը նաեւ խոհափիլիսոփայական է․անգամ ամենահասարակ երեվույթների մեջ հեղինակը փիլիսոփայություն է տեսնում։Կա նաեւ թաքնված սրամտություն եւ նուրբ հեգնանք,երբ հեղինակը նշում է, որ ,,Մենք՝հայերս, ավելի շատ մեր պատմական հայրենիքն ենք սիրում, քան՝սեփականը, քանի որ պատմական հայրենիքը խնամք չի պահանջում/գրքի խմբագրականից/։

Գիրքը նաեւ որոշակի առումով ինքնակենսագրական է։

--------------------------------------------------------------

,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,, գիրքը հեղեղված է սրամտություններով,բարեհոգի կամ դառն հումորով։Գրքում ներառված պատմվածքներում հեղինակը ծաղրում է գավառականությունը, քաղքենիությունը, ստրկամտությունը,քինախնդրությունը, շահամոլությունը, մանրոգությունը, մանրախնդրությունը, չտեսությունը, եվ այդ ամենը համեմում դիպուկ մտքերով, պատկերավոր համեմատություններով։Գրողի աչքից չեն վրիպել նաեւ թեթեվաբարո կանայք՝իրենց հմայքներն ի շահ եվ բարեկեցության  օգտագործող,բայց՝վերջինս երբեմն  արդարացնում է նրանց վարքը եվ բացահայտում դրա սոցիալ-հոգեբանական դրդապատճառները։Առհասարակ՝հեղինակը մարդկային հոգու բացահայտող է։

Վանո Սիրադեղյանի հերոսները պարզ, հասարակ մարդիկ են․իրենց թերություններով, թուլություններով, մոլություններով ու նաեւ՝առավելություններով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող

1 комментарий: