вторник, 13 декабря 2022 г.

Արցախյան օրագիրը շարունակվում է

 Եթե մի ժամանակ ասում էին ,,Ետպատերազմյան շրջան,, ավագ սերունդը՝սովետական շրջանի, հասկանում էր 1945թ․ավարտված Հայրենական մեծ պատերազմը, որ տեվեց 4 տարի։Հիմա որ ասում են ,,ետպատերազմյան,,՝որոշ դեպքերում կարող է նկատի առնվել 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմը։Ահա այս տեսանկյունից էլ նկարահանվել են երիտասարդ ստեղծագործողների,անկախության սերնդի սկսնակ ռեժիսորների կարճամերտրաժ վավերագրական ֆիլմերը՝2022թ․նկարահանված։Դրանցում ներկայացված են եվ արցախյան 44-օրյայի մասնակիցների կյանքից դրվագներ, եվ նրանց մտորումները,եվ սահմանամերձ գյուղերի կյանքը՝պատերազմից հետո/թեպետ՝արցախյան պատերազմը փաստացի չի էլ ավարտվել, քանի դեռ սահմանի մյուս կողմից չեն դադարում կրակել՝պարբերաբար հիշեցնելով Հայաստանի եվ Արցախի նկատմամբ իրենց զավթողական-պահանջատիրական նկրտումների մասին/։

   Վերոնշյալ ֆիլմերի դիտում-քննարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին՝Վանաձորի ինֆոտանը։Մասնակցության հայտերը համացանցային ճանապարհով էին՝տեղեկատվական իրազեկմամբ/այնպես, ինչպես նոյեմբերին տեղի ունեցած խորհրդային կյանքի մասին պատմող ֆիլմերի փառատոնը,որ ,թեպետ՝շատ ավելի մեծ մասնակցությամբ էր եվ ,,Լոռի,, ժամանցի կենտրոնի կինոդահլիճում/։

   4 ֆիլմերից երկուսի հեղինակներն էին ներկա`Լոռու մարզից,ինչպես նաեւ՝ֆիլմերի ստեղծման խորհրդատուն՝Երեվանից,Վիզուալ ինովացիոն ֆիլմերի ստուդիայից։Մյուս երկու ֆիլմերի հեղինակները, որոնք ներկա չէին, Արցախից էին։

Վանաձորցի Լուսինե Զաքարյանի ֆիլմում,բացի Կապանում ծառայող զինվորի մտորումները, նաեւ անդրադարձ կար այդ զինվորի ծննդավայրի՝Լոռու մարզի Գուգարք գյուղի մասին, որն արդեն մտնում է Վանաձոր խոշորացված համայնքի մեջ։Պարզվում է, գյուղում մինչ օրս տնակներ կան՝88-ի երկրաշարժից հետո տեղադրված, վաղուց արդեն ժամկետանց,որոնց մեջ բնակվում են,ապրում, արարում մարդիկ, իսկ տնակները հաճախակի են այրվում․եվ, քանի որ ֆիլմից չէր զգացվում, թե ինչ պատճառով են այրվում, ուստի հեղինակից հետաքրքրվեցինք․վերջինս դա բացատրեց նրանով, որ փայտաշեն էլ կան, ու դրանցում վառարաններ են օգտագործում՝փայտե վառարաններ։Քննարկմանը ներկա մասնակիցներից մեկին էլ էր մտահոգել,որ,փաստորեն, դեռ գոյություն ունեն տնակներ։

Ռեժիսորական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի.Լոռու մարզի Մեծավան գյուղից Մարինա Սոլոյանի ֆիլմն էլ պատմում էր 2018թվին ԱՄՆ-ից Հայաստան զինվորական ծառայության եկած, եվ թշնամու գնդակից զոհված Արեն Մեհրաբյանի եվ նրա ծնողների, ընկերների մասին,որոնց հետ զրուցելու նպատակով հեղինակը եղել էր նաեւ ԱՄն-ում՝նրանց բնակության վայրում։Ի հիշատակ իրենց զոհված որդու՝Արենի, ծնողները որպես հոգու սփոփանք՝ստեղծել են հիմնադրամ,եվ անգամ՝ձեռնամուխ եղել անօդաչու սարք արտադրող գործարանի ստեղծմանը՝Հայաստանում/այդ մասին պատմող տեսանյութերը մենք տեսանք նաեւ հիմնադրամի բլոգում եվ ֆեյսբուքյան էջում/։

Հետաքրքիր էին Արցախի պատանիների մտորումները՝մեկ այլ ֆիլմում․արցախցի պատանիները իրենց տպավորություններն էին հայտնում արցախյան պատերազմից՝Արցախի կոլորիտային բարբառով, անգամ՝սրամտում։Արցախցի պատանին հպարտությամբ ասում է, որ 3 տարի հետո մեկնելու է ծառայության, եվ երազում է տեսնել Շուշիի ետգրավումը․,,Ուզում եմ իմ աչքով տեսնեմ, թե ոնց ենք Շուշին վեր ունում,,։Արցախցի երեխան երազում է Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին, ու այժմվանից է պատրաստվում հայրենիքին պիտանի,լավ մարզավիճակում գտնվող զինվոր լինել․զբաղվում է ֆուտբոլով, կարատեով, մրցումների է մեկնում Երեվան,քանի որ, նրա խոսքերով, Արցախում մրցումներ չեն անցկացվում։

4-րդ ֆիլմը պատմում էր Սյունիքի Ակներ գյուղի անասնապահների դաշտային կյանքի մասին/,,Ակների սարի սեզոնը,,/․սարերում կովեր ու ձիեր են պահում,խոտ են հնձում,ապրում են հին ու մաշված ավտոբուսից մնացած ինքնաշեն կացարանում,սար են գնում բեռնատարի թափքի մեջ լցված, բայց՝ամեն րոպե աչքի առաջ ունեն թշնամու կողմից գնդակոծվելու հանգամանքը, եվ կառավարությունից պահանջում են, որ իրենց սահմանամերձ գյուղի կարգավիճակ տան։

Երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի մասին եզրափակիչ ու մասնագիտական խոսքով հանդես եկավ քննարկման ամենատարեց մասնակիցը՝վանաձորցի հայտնի դերասան Վրույր Սարգսյանը։Իսկ մենք հիշեցինք, որ 1996թվին Վանաձորի երբեմնի ,,Երեվան,, կինոթատրոնի դահլիճում մեկ այլ կինոդիտիտում էր՝պատերազմի թեմայով․,,Արցախյան անավարտ օրագիր,,գեղարվեստական ֆիլմի դիտումը՝ստեղծագործական կազմի մասնակցությամբ, ու այդ ֆիլմի դերասաններից էր նաեւ Մայիս Սարգսյանը/,,Առավոտ,, 16․11․1996թ․,,Նոր ֆիլմ՝վանաձորյան դերասանների մասնակցությամբ,,/։Փաստորեն, 26 տարի անց արցախյան օրագիրը դեռ շարունակվում է՝պատերազմի տեսքով,ու թե ինչքան կտեվի՝դժվար է ասել։

․․․Հաճելի զարմանքով նկատեցինք, որ Վանաձորի Ինֆոտան սրահում ցուցադրված էին ,,Խորհրդային անցյալի վերաիմաստավորում,,թեմայով նոյեմբերին կայացած  փառատոնի լուսանկարչական ցուցահանդեսին մեր ներկայացրած ֆոտոները՝նախկին Կիրովականի գործարանային ու կրթական կյանքի մասին պատմող։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

понедельник, 14 ноября 2022 г.

Խորհրդային անցյալը՝ֆիլմերում եվ լուսանկարներում

 ,,Խորհրդային անցյալի վերաիմաստավորում,, ծրագրի շրջանակներում, ,,Եվրասիա հիմնադրամի,Վանաձորի ,,Ինֆոտուն,, եվ հ/կ կենտրոն կազմակերպությունների աջակցությամբ նոյեմբերի 11-ին Լոռու մարզի ժամանցի կենտրոնում կազմակերպվել էր փառատոն, որ իր մեջ ներառում էր լուսանկարչական ցուցահանդես/սովետական տարիների ուշագրավ լուսանկարներ/ եվ նոր ֆիլմեր՝սովետական անցյալի եվ ներկա հասարակարգի հետ որոշակի համեմատության ֆոինին,ականատեսների վկայությամբ։

Ֆիլմերում տեղ էին գտել հեռուստատեսային արխիվային նյութեր՝սովետական վավերագրական ֆիլմերից։Մասնակիցների մուտքը հրավիրատոմսերով էր,իսկ հրավիրատոմս ստանալը՝համացանցում նախապես կազմակերպված տեղեկատվական արշավի ճանապարհով․հայտի լրացրու՝եկ հրավիրատոմսն ստացիր։Դահլիճի մուտքի մոտ հրավիրատոմս ներկայացնողները հատուկ գրանցամատյանում հավաստում էին իրենց ինքնությունը,տարիքը եվ սեռը՝ստորագրությամբ։Իմ դիտարկմամբ, լեփ-լեցուն դահլիճի մասնակիցների մոտ 10 տոկոսն էին սովետական սերնդի,ավագ սերնդի քաղաքացիներ,մյուսները երիտասարդներ էին,այդ թվում՝երիտասարդ զույգեր։Սրահում ցուցադրված էին նոր հրատարակված գրքեր,բրոշյուրներ՝փառատոնի խորագրին համահունչ։Դրանք տրվում էին անվճար՝ըստ մասնակիցների ցանկության եվ ընտրության․մենք ընտրեցինք ,,Ցուրտ հայրենիք,, 1949թ․ վկայություններ աքսորից,, գիրքը՝2010-2022թվերին խմբագրված եվ հրատարակվա։Նույն սրահում ցուցադրված էին սովետական տարիների լուսանկարները՝պատերին փակցված,որոնք հավաքագրվել էին համացանցային հայտարարությամբ։Լուսանկարները մակագրված էին եվ ներկայացված անուն-ազգանուններով․իհարկե, դրանց մի մասի հեղինակներն այսօր անհայտ են/չէ՞ որ 1960-70-ականներից անցել է 50-60 տարի,եվ լուսանկարիչները կարող են նաեւ չլինել՝եթե նկարը քաղաքային ֆոտոներում չի արվել, ուստի ,,հեղինակային իրավունքը,, մեխանիկորեն ընկնում է դրանց ներկայացրածների վրա։Այս առումով տեղին է հիշատակել ,,Ցուրտ հայրենիք,, գրքի շապիկին գրվածը․,,Հիշողությունը եթե չի արձանագրվում, մարդու երկրային կյանքից հետո չի շարունակում ինքնուրույն գոյությունը,,։

Թերեվս,հումորի ժանրից կարելի էր համարել կիրովականցի գեղանկարիչ,հին կոմունիստ  Կառլեն Քոչինյանին պատկերող լուսանկարը, որ մակագրված էր՝,,Սովետական հայացք,,։Սրահում ներկայացված էին մի քանի տասնյակից ավելի լուսանկարներ՝սովետական տարիների, ու հատկանշական է, որ դրանք իրենց բջջայիններով նկարահանողներ շատ կային։Լուսանկարչական գործերի դիտումն ավարտելուց հետո մասնակիցները տեղափոխվեցին դահլիճ, որտեղ արդեն իսկ ավելի վաղ էր սկսել կատարումները՝Գուգարաց թեմի մանկապատանեկան փողային նվագախումբը՝,,Վարդանանց հետնորդներ,,անունը կրող։Խրոխտ քայլերգի հնչյունների ներքո ,,մեկ առանձին վերցրած,, դահլիճում վերականգնվել էր սովետական Կիրովականը։Հնչեց նաեւ ,,Կանաչ քաղաք Կիրովական,, հայտնի բառերով  եվ կիրովականցուն հոգեհարազատ դարձած երգի երաժշտությունը․եթե այն հնչեր պարահրապարակում, համոզված ենք,դրա ռիթմիկ հնչյունների ներքո նաեւ տանգո պարողներ կլինեին՝վերադարձնելով հին ժամանակների Կիրովականի ,,ռոտոնդոյի,, պարահրապարակը/որի մասին պատմնում է նաեւ Կիրովականի մասին սովետական տարիներին գրված բրոշյուրը/։

Սովետական Կիրովականի մասին հիշողություններով 4 ֆիլմերից մեկում եվս հնչեց ,,կանաչ քաղաք, Կիրովական,, երգը։Այդ ֆիլմում իրենց վկայություններով հանդես էին գալիս ավագ սերնդի մտավորականներ, քանդակագործ -նկարիչներ,պատմաբան-մանկավարժ/զարմանալիորեն՝որեվէ լին չկար կադրում խոսող/։Հիշատակվեց, որ Կիրովականում խոշոր արդյունաբերությունն այնքան զարգացած է եղել սովետական տարիներին/60-80-ականներ/, որ որոշ գործարաններ անգամ գլխամասային են եղել՝սովետական միության մասշտաբով,եվ ինքնուրույն պայմանագրեր են կնքել։Ներկայացվեցին կադրեր՝բազմահազարանոց կոլեկտիվների արտադրական գործընթացից/քիմգործարան, քիմմանրաթել, ,,Ավտոգենմաշ,,/։,,Ավտոգենմաշի,, մասին պատմող կադրերում հայտնաբերեցինք նախկին աշխատակից, այժմ թոշակառու,կոմունիստ Գրետա Հովհաննիսյանին, նույն գործարանի արտադրամաի պետ, այժմ թոշակառու, ,,Ծովազարդ,, գրքի հեղինակ,կոմունիստ Ահարոն Իսոյանին։ֆիլմերից մեկն էլ ներկայացնում էր հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի այցը՝քիմմանրաթելի գործարան/Այն, որ աշխարհահռչակ շախմատիստ Տիգրան Պետրոսյանն այցելել էր քիմմանրաթելի գործարան,որտեղ շախմատի լավագույն ավանդույթներ էին ձեվավորվել, դա գիտեինք, բայց որ Արամ Խաչատրյան-կոմպոզիտորն էլ էր այցելել՝չգիտեինք/։Ֆիլմերի հերոսները խոսում էին սովետական տարիների եվ առավելություններից, եվ թերություններից։Մարդն ապահովված էր աշխատանքով, գոյության խնդիր չուներ, եվ դա առավելություն էր,իսկ ցավալի էջերի մասին ,,խոսում,, էին ֆիլմում հպանցիկ ներկայացված կադրերը․օրինակ՝գնդակահարվող Չարենց․դա, թերեվս, միայն ավագ սերունդը կհասկանար։Ընդհանուր թեմատիկան լավատեսական էր,չկար որեվէ ,,թունավոր,, ելույթ, բուռն ըմբոստություն։Իսկ գեղանկարիչ,հին ՀՀՇ-ական Արամ Նազարյանը ֆիլմում նախընտրել էր կենտրոնանալ անկախության տարիների բացերի վրա, նրան մտահոգում էր, որ այսօր զգացվում է իսկական քաղաքացու պակաս, մարդիկ անտարբեր են շրջապատի հանդեպ։Հիշատակեց, որ Կիրովականի երբեմնի կինոթատրոնը դարձավ հացի փուռ․ու դա միայն ավագ սերունդը կհասկանար, որ ասվածը վերաբերվում է անկախության շրջանին, ինչպես նաեւ հիշատակեց, որ ,,2 անգամ ժապավեն կտրեցին, բայց գործարանը չաշխատեց,,․ու էլի ավագ սերունդը կհասկանար, որ դա վերաբերվում է անկախության՝,,Հայաստանի նորագույն շրջանին,,՝1998-ից հետո, երբ երբ երկրաշարժից հետո քանդված, թալանված քիմգործարանը վաճառվեց ,,Պրոմեթեվս,, ընկերությանը/ինքս անձամբ ներկա եմ եղել այդ սեփականաշնոհման առթիվ 1998-ին Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցությանը/։Որպես սովետական տարիների թերություն, ֆիլմում խոսողներից մեկը նշեց, որ արտասահմանյան ուղեվորության մեկնելը բարդ խնդիր էր, արգելված էր գնալ-գալ արտասահման։Կարեվորվեց այն, որ սովետական տարիներին կինո-թատրոն գնալը  մեծ իրադարձություն է եղե։Քանի որ ֆիլմերից մեկում ելույթ էր ունենում վերջերս մահկանացուն կնքած Վահե Շահվերդյանը՝արվեստի գործիչ,Կիրովականի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուստի դահլիճում ներկա գտնվողները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին նրա հիշատակը։Իսկ ես հիշեցի, որ այդ դահլիճում/որ մինչեւ անկախության  կեսերը դեռ կոչվում էր Երկաթուղայինների ակումբ/, հանդես էին գալիս կիրովականյան ռոք խմբեր․իսկ ռոքը սովետական միությունում գրեթեր անլեգալ էր, ընդհատակյա։Հիշեցի այդ նույն դահլիճում 70-ականներին ելույթ ունեցող ,,Կանակա,, ռոք-խմբին ,ռոք երգիչ Ջիմմի Կաֆյանին, որի համերգները 1976-77-ին մշտապես կայանում էին լեփ-լեցուն դահլիճում,որտեղ միլիցիոներների պարտադիր ներկայություն էր լինում, որպեսզի Ջիմիկի երգից ,,գժվածներն,,ավելի չգժվեին։

Ֆիլմերից մեկում էլ հիշատակվեց սովետական տարիների հայրենադարձությունը/ներգաղթ՝սփյուռքից/․հեռուստադարանից վերցված կադրերից մեկում հայրենադարձները շնորհակալություն էին հայտնում ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովին․ով, ի դեպ, սովետական միությունում ստալինիզմի ժամանակաշրջանի վերջը տվեց՝,,մեծ բեկում,, քաղաքականությամբ եվ նոր շունչ բերեց երկրին՝1960-ականներին։Նշվեց, որ Կիրովականում դպրոցներում օտար լեզու դասավանդում էին  սփյուռքհայերը, իսկ նրանցից ոմանց էլ, ովքեր հմուտ վարպետ-կարողներ էին, թույլատրվել էր մասնավոր խանութ-արտելներ բացել․իմ հիշողությամբ՝նրանց ոմանք էլ տներում էին կար անում։Մեկն էլ հիշատակեց, որ ջինս առնելն էլ մեծ իրադարձություն էր, դեֆիցիտ․այնպես, ինչպես արտասահմանյան մթերքն ու որոշ ապրանքներ էին դեֆիցիտ, հերթերով։Ֆիլմերից մեկից էլ պարզ դարձավ, որ Կիրովականի հանրախանութը, որ անկախության տարիներին օգտագործվում էր ոչ լիարժեք, այժմ նոր տերեր ունի, այն ծառայելու է որպես տեղեկատվական-տեխնոլոգիական ժամանակակից կենտրոն․իմ դիտարկմամբ՝,,ունիվերմագ,, երբմնի անվանումն էլ մոդեռնացվել էր՝վերափոխվելով եվրոպական ,,ունիվեր,,ի։Յուրաքանչյուր ֆիլմի ավարտից հետո ֆիլմի ստեղծողը հրավիրվում էր բեմ՝ստանալով շնորհակալագիր։Վերջում շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ լուսանկարչական ցուցահանդեսի նկարներ ներկայացրածներին, որոնց թվում՝նաեւ մեզ․ներկայացրել էինք 4 սովետական լուսանկարներ՝որոնցից մեկը մեր  մանկությունից․1967թ․Կիրովականի ,,Կոնգո,, թաղամասի մանկապարտեզի երեխաները մանկական բեմադրությամբ ներկայացնում են բժիշկ-հիվանդ հարաբերությունները՝նաեւ տիկնիկների միջոցով։

Շնորհակալություն միջոցառման կազմակերպիչներին՝մոտ 2 ժամ սովետական տարիներով անցած մարդկանց մոտ նոստալջիկ հիշողություններ արթնացնելու,նրանց դրական լիցքերով ապահովելու համար։Տեղին կլինի, եթե նման միջոցառումներն ավանդույթի մեծ ուժ ստանան,եվ ընդօրինակվեն նաեւ այլ կազմակերպությունների կողմից,իսկ մուտքն առավել հասանելի լինի նաեւ ավագ սերնդի մարդկանց, ովքեր միգուցե ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեն,եվ չեն կարող տեղեկացվել․առավել եվս՝գրանցվել հրավիրատոմս ստանալու համար։Սովետական պետությունը 70 տարի է գոյություն ունեցել, բայց անկախության շրջանն էլ արդեն ,,պատկառելի,, տարիքի է․32․ուստի կարելի է մտածել նաեւ անկախության շրջանին վերաբերվող պատմությանը նվիրված միջոցառումների կազմակերպման մասին,կիրովականյան անկախությանը, թեպետ՝այդ շրջանի մասին պարծենալու բան շատ քիչ կգտնվի։Ամենակարեվորը՝պետք է կյանքի կոչել ,,Վանաձորի պատմության թանգարան,,ստեղծելու գաղափարը, որ հայտարարության տեսքով մնաց ,,Վանաձորյան խճանկար,, վերջերս փակված թերթի նախավերջին համարներից մեկում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր հիշողություններ

четверг, 19 мая 2022 г.

Հայ դասականները մակուլատուրա են դառնում փոշու մեջ

 Իսկ հայ ստեղծագործողներից ոմանք մնում անհայտության մեջ

-----------------------------------------------------------------------------------------

Այցելեցինք Վանաձորի ,,Լոֆթ,, կենտրոն, փորձելով պարզել, թե ինչով է զբաղված այս կառույցը,որի բացմանը թե վերաբացմանը ներկա էր եղել վարչապետ Փաշինյանը՝մեկ ամիս առաջ։Հենց մուտքում բար-սրճարանն է՝երիտասարդ, ժպտադեմ մատուցողուհիով,անկյուններում նկատվեցին սեղան-բազմոցներ,շեմքում՝գահավորակ, ավելի խորքում նկատելի էին գրքեր՝շարված կողք-կողքի։Աշխատակցուհու հետ զրույցից պարզվեց, որ սա ավելի շուտ ընթերցասրահ-սրճարան է․․․,,Կարող են գիրք վերցնել եվ մեկ բաժակ սուրճի հետ զբաղվել ընթերցանությամբ,,-պարզաբանեց աշխատակցուհին։Բայց քանի որ կենտրոնն ունի նաեւ ինտերնետ-ծառայություն՝վճարովի/1 րոպեն 10 դրամ/,ուստի կարելի է ասել, որ նաեւ ինտերնետ-սրճարան է,որպիսին եղել է Վանաձորում դեռեվս 10-15 տարի առաջ, բայց՝այն հիմա չկա։Հիշեցնենք, որ ,,Լոֆթ,, կենտրոնին այս տարածքը,որ նախկինում պատկանում էր ,,Անհաղթ աքլոր,, մանկական մշակութային պետական կենտրոնին՝գրադարանային համակարգում, հատկացվել է դեռ անցած տարի,կառավարության որոշմամբ, ինչի մասին հայտարարվել է հեռուստատեսությամբ, բայց՝որեվէ պատգամավոր չքննադատեց, թե ինչու գործող գրադարանի տարածքը հանձնվում է ,,դրսի,, ծրագրով աշխատող կառույցի, որին կարելի էր այլ տեղ հատկացնել,եվ ստիպված չէին լինի մանկական գրադարանի գրքերն օպտիմալացնել մարզային գրադարանի հետ, աշխատողներին էլ հետը՝,,նեղ արեք, տեղ արեք,, սկզբունքով։Չէ՞ որ կարելի էր ,,Լոֆտին,, տեղ հատկացնել մեկ այլ վայրում․Վանաձորում ինչն է շատ՝դատարկ տարածքները՝շենքերի առաջին հարկերում․վարձակալության տրվող կամ վաճառվող։Ու վերացավ մանկական մի հրաշալի կենտրոն․հանուն ինչի՞,մշակութային բիզնեսի՞․․․․/Այդ առթիվ հանդես եմ եկել ,,Լոֆթը հաղթեց անհաղթ աքլորին,, համացանցային հրապարակումով/։

․․․Վանաձորի Տիգրան Մեծ/Նժդեհ խաչմերուկին կից, ,,Լոֆթ,, կենտրոնի լուսամուտների տակ գրքերի բացօթյա վաճառք է իրականացվում՝տարիներ շարունակ։Մեր այցելության պահին ,,Լոֆթի,, աշխատակցուհին տարեց գրավաճառողուհուն՝ազգությամբ ուկրաինուհի, դիտողության կարգով խնդրեց, որ գրքերի մի մասը՝լուսամուտի առջեվ դրսից ցուցադրված, հեռացնի, որովհետեվ ,,այն խանգարում է կենտրոնի համակարգչավարին,,։Դա ակնհայտորեն դուր չեկավ տարեց գրավաճառողուհուն՝անհատ ձեռներեց, եվ նա իր հերթին քաղաքավարությամբ հասկացրեց, որ գրքերը կհեռացնի լուսամուտի տակից իր աշխատանքային օրվա ավարտին, ժամը 15-ից, եվ հավելեց, որ ինքն ունի բոլոր օրինական փաստաթղթերը՝այդտեղ գործունեություն ծավալելու։Հատկանշական է, որ եվ ,,Լոֆտի,, աշխատակցուհու համար էր աշխատանքային առաջին օրը, եվ գրավաճառողուհու՝պայմանականորեն, որովհետեվ այդ բացօթյա վաճառակետը ձմռան ամիսներին չի գործում՝եղանակային պայմաններից ելնելով։Ինչպես տեղեկացանք գրավաճառողուհուց, բնակչությունը դժվարությամբէ գրքեր գնում,ինտերնետը պակասեցրել է գրքերի նկատմամբ հետաքրքրությունը,քանի որ ինտերնետով էլ են գիրք կարդում,տուրիստներ էլ հազվադեպ են լինում քաղաքում՝գրքերով հետաքրքրվող։Ամենամեծ պահանջարկն ունեն հայկական ժողովրդական հեքիաթները, Հովհաննես Թումանյանը,Պարույր Սեվակը,Նարեկացին, ,,Հայկական խոհանոցը,,՝սովետական տարիներին ռուսերեն հրատարակված,մեղվաբուծությունը, այգեգործությունը, անասնաբուժությունը։Ուսանողությունը երբեմն գնում է այն գրքերը, որոնք հանձնարարված է կարդալ։Ցավալի էր տեղեկանալ, որ երբեմն հայ դասականների գրքերն այնքան են որակազրկվում, որ արդեն որպես մակուլատուրա կարող է այն իրացվել․բայց դա էլ լուրջ խնդիր է, քանի որ մակուլատուրա հանձնելու ծախսն ավելի մեծ է՝տրանսպորտի հետ կապված, իսկ հանձման արժեքը չնչին/։Մեր այցելության պահին 2 տղամարդ էին հետաքրքրվում, թե արդյոք՞ կարող են գրքեր վաճառել, բայց գրավաճառողուհու անմխիթար պատասխանից հուսահատ հեռացան։Հարց է ծագում, իսկ ինչու՞ պետությունը չի կազմակերպում գրքերի գնում ինչու՞ հանրապետության երրորդ քաղաքը չունի   բուկինիստական գրախանութ․ինչպես նախկին տարիներին՝մինչեւ անկախության սկզբնական տարիները։Ի դեպ, մեկ ամիս առաջ ֆեյսբուքով հայտարարվեց, որ ,,Լոֆթ,, կենտրոնը բնակչությունից գրքեր է գնում, բայց պարզվեց, այդ գործընթացն այլեվս չկա։Իսկ սա նշանակում է, որ գրքերը պարզապես կարող են հայտնվել աղբանոցում նրանց կողմից, ովքեր ,,նեղվում,, են դրանց ներկայությունից։

1998թվից հետո գրահրատարակչության ամբողջ ցանցը լուծարվեց հանրապետությունում,գրախանութների տարածքները մասնավորեցվեցին,12 գրախանութ Վանաձորում վերացավ՝հաջորդաբար։Ինչքան բողոքեց դրա դեմ ,,Վանք-91,, գրատների միավորման նախկին տնօրեն, հանգուցյալ արձակագիր Լեվոն Գրիգորյանը, բայց՝ապարդյուն/,,Առավոտում,, հոդված լույս տեսավ՝նրա եվ կոլեկտիվի հետ մեր  հարցազրույցով․,,Վանք-91-ի ,,վանքերը,, սեփականաշնորհման ճանապարհին,,/․կոլեկտիվը պահանջում էր անհատական մասնավորեցում, տարածքների կտրատում, տնօրենը գտնում էր, որր պետք է համակարգն ամբողջությամբ մասնավորեցվի, որ պրոֆիլը չփոխվի եվ ,,գրքի փոխարեն երշիկ չվաճառեն,,։Գրախանութների լուծարումից հետո ստեղծվեցին մի քանի անկախ գրատներ,որոնք հիմնականում գրենական պիտույքներ են վաճառում եվ պատվիրակված գրականություն, բնակչությունից գրքեր չեն գնում։Բնականաբար, այս պայմաններում գին թելադրողը մնում է փողոցը, եվ հայ դասականը կարող է գնվել անգամ տասնապատիկ էժան, քան՝մեկ կիլոգրամ ելակը։Էլ ո՞վ շահագրգիռ կլինի, որ գիրք հանձնի,թերեվս՝ամենաանճարները։Հեռուստատեսությամբ ամեն օր լսում ենք, որ ,,Նյու մեգն,, այս է հրատարակել, այն է հրատարակել․արեվմտյան արժեքներ քարոզող գրականությունն է հիմնականում առաջին տեղում, երկրորդ տեղում՝անհայտ չափանիշներով կամ գրողների միության միջոցով կամ միջամտությամբ ընտրված գրողները․այս ոլորտն էլ է քաղաքականացված եվ մենաշնորհային։Եվ կան ստեղծագործողներ, որոնց ստեղծագործությունները դատապարտված են մնալ կամ իրենց անձնական գզրոցներում, կամ, լավագույն դեպքում՝համացանցում․եթե սեփական էջ ունեն եվ շատ ,,հին մարդ,, չեն, համակարգչից գլուխ են հանում։Ի դեպ, գրական կայքերում տպագրվելն էլ է մի առանձին ,,մաֆիա,, եվ ԽԾԲ-ով․այնպես, ինչպես մրցույթները․հովանավոր ունենաս՝թեկուզ ամենաանտաղանդ գործդ կարող ես հրատարակել, կարող ես անգամ ուրիշից մտքեր գնել եվ քո անունով հրատարակել,ֆեյսբուքում ,,լայքեր,, էլ կարող ես առնել,անգամ՝մրցանակի արժանանալ, չունես՝ուրեմն դատապարտված ես անհայտության։Այս առումով շահեկան վիճակում են Հայաստանի գրողների միության անդամները,որոնք կարող են արժանանալ որեվէ բարեգործի ուշադրությանը իշխանության միջամտությամբ նաեւ․բայց, ըստ տեղեկությունների,միության անդամ դառնալու համար առնվազն 3 անուն գիրք պետք է ունենաս տպագրված․բայց որտեղի՞ց, եթե մարդը չունի հովանավոր կամ բարերար, կուսակցական տանիք,բավարար եկամուտներ,եվ միակ հարստությունը ստեղծագործական ձիրքն է։Այստեղից էլ մտավորականության կախյալ վիճակը՝փողի քսակներից։Եվ ով որ չի տիրապետում այդ խաղի կանոններին, կարող է հայտնվել սեփական երկրում վտարանդի գրողի կարգավիճակում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 16 мая 2022 г.

Եվս մեկ վկայություն՝Եղեռնից

 Պատմում է 1915թ․Մեծ եղեռնը վերապրած,1888թ․Արեվմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Կարին քաղաքում ծնված Կարապետ Հովհաննեսի Հովհաննիսյանի դուստր,վանաձորաբնակ  Գրետա Հովհաննիսյանը․

,,Տեսնելով, որ թուրք խուժանը հարձակման է անցել, մի կերպ փախչում ու թաքնվում է թուրքերի կողմից սպանված  հայերի դիակների տակ․իրար վրա դարսած դիակներ․էդ դիակներն էլ չեն անգամ խնայել թուրքերը՝սվիններով հարձակվել են դիակների վրա, բայց քանի որ ինքը թաքնված է եղել խորքում, սվիններն իրեն չեն հասել։Այդպես սողալով էլ փախել է հասել Լենինական։27 տարեկան հասակում է եղել, բայց քանի որ միայնակ էր, իրեն որբանոցում ընդունել են․բայց՝աշխատանքի․իմանալով որ խոհարար է։Այդ նույն որբանոցում էլ տեսել է եվ ծանոթացել մորս հետ,որ 15 տարեկան է եղել,նա էլ Լենինականի հարձակումներից է փախել մի կերպ, քանի որ թուրքերը Լենինական/այն ժամանակ՝Ալեքսանդրապոլ/էին կարողացել մտնել/,ծանոթացել են,ամուսնացել, հետագայում տեղափոխվել են Վանաձոր, հայրս քիմգործարանում աշխատանքի է անցել՝որպես խոհարար։Ունեցել են 11 զավակ/7 որդի, 4 դուստր/,,։

Կարապետ Հովհաննիսյանը մահացել է 72 տարեկան հասակում․հուղարկավորված է Կիրովականի գերեզմանատանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր 

вторник, 3 мая 2022 г.

Հայաստանի կոմունիստական կուսակցության Վանաձորի քաղաքային կազմակերպությունը ժողովրդավարական է

2021թ․Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ Վանաձորի ընտրություններից անցել է 6 ամիս, եվ, ցավոք, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում կոմկուսի Վանաձորի քաղկոմը չկարողացավ բավարար ձայներ հավաքել։Բայց՝գրասենյակի դուռը դրանից հետո չի փակվել եվ բաց է եղել թե անդամների, թե ակտիվիստ քաղաքացիների առաջ։Մի քանի անգամ տեղի են ունեցել ժողովներ,քաղաքական տեսանյութերի դիտում եվ քննարկում, բանավեճեր՝կառուցողական մթնոլորտում։Կան նվիրյալներ, որոնք ոչ թե պարտադրված, ժողովից ժողով են այցելել, այլ՝հոգու կանչով,սովորույթի ուժով այցելում են, հետաքրքրվում օրվա քաղաքական նորություններով։Այս ընթացքում Հայաստանի կոմկուսի կենտկոմի երրորդ քարտուղար, Կիրովականի/Վանաձորի/քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը մասնակցել է նաեւ մայրաքաղաքում կազմակերպվող բյուրոյի նիստերին ու ժողովներին, հանդիպել Ռուսաստանի պետդումայի կոմկուսի պատգամավոր Կազբեկ Տասաեվի հետ/ով, ի դեպ, տեսակապով ակտիվ կապի մեջ էր կոմկուսի հետ նաեւ՝ ՏԻՄ Վանաձորի ընտրություններին/։

Այսօրվա ներքաղաքական վիճակի եվ այլ հարցերի հետ կապված որոշեցինք հարցազրույց վարել Կոմկուսի Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար,ՀԿԿ կենտկոմի երրորդ քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի հետ։

-Վանաձորի ընտրությունների արդյունքներն առ այսօր վիճահարույց են, անգամ դատական նիստեր են տեղի ունենում այդ առթիվ, Վանաձորը մինչ օրս չունի քաղաքապետ։Կարծիքներ կան, որ նոր ընտրություններ են նախատեսվում։Հնարավոր համարու՞մ եք ձեր կուսակցության միավորումը այլ ուժերի հետ, եվ ո՞ր դեպքում դա տեղի կունենա։

-Կախված ընտրության արդյունքներից,ես համարում եմ, որ հստակ ձեվավորվել է Վանաձորի ավագանի, եվ այդ ավագանին պետք է աշխատեր։Ցավոք, այսօր իշխանությունների եվ նրանց կողմից հովանավորվող անհատների միջոցով, քաղաքն այսօր չունի քաղաքապետ, եվ քաղաքը 5 ամիս է,մատնված է անտերության, բոլոր ոլորտներում բարձիթողի վիճակ է։Ինչ վերաբերվում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների կայացմանը/ըստ հավաստի լուրերի/, եվ մեր մասնակցությանը, մեր քաղաքային կազմակերպությունն ամենօրյա ռեժիմով կատարում է իր կուսակցական գործունեությունը եվ անհրաժեշտության դեպքում կընդունվի համապատասխան որոշում ՝մասնակցության մասին։Ինչ վերաբերվում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն՝վարչապետի որոշմամբ,մենք գտնում ենք,որ Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կայացել են, կուսակցություններն ստացել են համապատասխան քվեներ, եվ իշխանությունը պարտավոր է հաշվի նստել ժողովրդի տված ձայների հետ, պետք է անցկացվի ավագանու առաջին նիստ եվ ընտրվի Վանաձորի քաղաքապետ։Ինչ վերաբերվում է հնարավոր նոր ընտրություններին մեր կուսակցության միավորմանը՝այլ ուժերի հետ, դա կախված է նրանից, թե որ կուսակցությունները կմասնակցեն, որ քաղաքական ուժերը։Դա կլինի այն ուժը, որ մոտ կլինի մեր գաղափարախոսությանը։Ընտրությունները ցույց տվեցին, որ սոցիալիստական գաղափարախոսության իրական, փաստացի կրող եվ քարոզչոթյուն տանող միակ ուժը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր։ 

-Ընդդիմադիր մամուլից տեղեկացանք, որ Հայաստանի կոմկուսը մտադիր է դաշինք կազմել հայ-ռուսական նորաստեղծ շարժման հետ,արդյո՞ք այդ պարագայում սոցիալիզմը երկրորդ պլան չի մղվում, քանի որ այդ շարժման/թե միության/ մեջ կան նաեւ ուժեր, որոնք սոցիալիզմ չընդունող, սոցիալիզմը մերժող ուժեր են։

-Մենք չունենք պաշտոնական ինֆորմացիա՝նորաստեղծ դաշինքի մասին, երբ որ այդ մասին քննարկում կլինի Կենտկոմի բյուրոյում,դուք դրա մասին անպայման տեղյակ կլինեք։Իսկ համագործակցությունն այս պահին ես գտնում եմ անհրաժեշտություն, որովհետեվ դա բխում է Հայաստանի,Արցախի եվ հայ ժողովրդի շահերից։

-Քաղաքական դաշտում նկատվում է մրցակցություն, թե որ ռուսամետ ուժն ավելի մոտ կգտնվի Ռուսաստանի իշխանությանը կամ կարժանանանա Պուտինի բարյացակամ վերաբերմունքին։Սակայն, որքան նկատել եմ,կոմկուսում նման մրցավազք չկա։

-Ցանկացած եկող իշխանություն պետք է հասկանա, որ հակառուսականությունը նույնն է, թե հակահայկականությունը։Դրա վառ օրինակը այսօրվա ՀՀ հակառուսական եվ սորոսական իշխանություններն են։Դեռ 2018 թվականից ասել էինք եվ բազմաթիվ հարցազրույցներում ներկայացրել ենք, որ այս իշխանություններին ներ են մուծել  արեվմտյան դոնորները՝Հայաստանը Ռուսաստանից կտրելու ծրագրով։Բայց այդ ուժերին՝սորոսածին եվ ազգակործան, շատ կարճ կյանք է մնացել Հայաստանում։

-Եթե այս իշխանությունները սորոսական են, այդ դեպքում ինչու՞ են Նիկոլին մեղադրում ռուսամետ լինելու համար։

-Դա պայմանավորված է իշխանությունների երկակի վտանգավոր խաղով, եվ դրա վառ ապացույցը վերջին 10 օրերի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարի վոյաժներն էին՝Ռուսաստանի ոչ բարեկամ երկրներ/Լեհաստան,Բելգիա,ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա/։

-Ռուսաստանում մասոնականությունն արգելված է, բայց Հայաստանում մասոնական օթյակ բացվեց դեռ նախորդ իշխանության կողմից,ինչպե՞ս եք նայում այդ կազմակերպության գործունեությանը։

-Իշխանափոխությունից հետո պետք է արգելվեն օտարածին,ազգակործան կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են Սորոսի եվ նմանատիպ հիմնադրամների կողմից։

-Արցախի հարցում ձեր դիրքորոշումը․չէ՞ որ կոմունիստների օրոք, 1989թ․ Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին որոշում կայացվեց, բայց այն առ այսօր թղթի վրա է։Պուտինը քանիցս ասել է, որ պետք է ճշտվի Արցախի կարգավիճակը։Բայց Հայաստանի թե նախորդ, թե ներկա իշխանությունների օրակարգում այդ հարցը չի եղել․ավելին, վերջին տարիներին Արցախը դուրս մղվեց նաեւ բանակցային կողմ լինելուց, ինչը քանիցս քննադատվել է նաեւ կոմունիստների կողմից։Ձեր կարծիքը։

-Ես բազմիցս հայտարարել եմ, որ ցանկացած իշխանություն պատասխանատու է իր ղեկավարած ժամանակահատվածի համար։Այս իշխանությունները պատասխանատու են 2018թվականից այս կողմ տեղի ունեցող քաղաքական գործընթացների համար։Այն, որ 2018թվականից հետո ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հայտարարվեց, որ Արցախը Հայաստան է եվ վերջ, ինչպես նաեւ ,,մենք բանակցելու ենք զրո կետից,, բերեց նրան, որ տապալվեցին 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները,ունեցանք կորուստներ, զոհեր՝2020թվի նոյեմբերին,պատերազմ, կորցրած տարածքներ, տասնյակ հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, գերիներ։

Այսօրվա իշխանություններն այս խայտառակությունից հետո իրավունք չունեն որոշել Արցախի ճակատագիրը։Դա է ապացուցում այն փաստը, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված լկտի հայտարարությունները ոչ մի պաշտոնական արձագանք չեն ստանում,չեն հակադարձվում այսօրվա իշխանությունների կողմից։Արցախի կարգավիճակը,իմ համոզմամբ, պետք է ճշտվի միայն իշխանափոխությունից հետո։Ի դեպ, հիշեցնեմ, որ 2020թվի խայտառակ պատերազմից հետո Հայաստանի կոմունիստական կուսակցությունը անմիջապես հանդես եկավ այս իշխանությունների հրաժարականի պահանջով եվ ուզում ենք ընդգծել, որ հենց այսօր հայտարարություն է տարածել նաեւ Թուրքիայի արտգործնախարարը, որ հայաստանի հետ պետք է ճշտվեն նաեւ Թուրքիայի սահմանները։եթե այսօրվա իշխանությունները չեն հասկանում այս հայտարարության վտանգավորությունը,ապա նրանց հրաժարականի պահանջը այսօր փողոց դուրս եկած ժողովրդին մենք միայն ողջունում ենք։

-Դուք մի առիթով հիշատակեցիք, որ Ուկրաինան Հայաստանին չի աջակցել Արցախի վերջին պատերազմի ժամանակ․ավելին, թե այդ ժամանակ, թե ավելի վաղ տարիներին էլ զենքով աջակցել է Ադրբեջանին։Արդյո՞ք միայն դա է պատճառը, որ աջակցում եք Ռուսաստանին՝Ուկրանիայի դեմ պատերազմում, թե՞ ուղղակի հայ-ռուսական բարեկամության ծրագրի շրջանակներում է դա։

-Ամբողջ արեվմտյան մամուլը կեղծ լուրեր է տարածում, որ իբր թե Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Ուկրաինային եվ ուկրաինական ժողովրդին։Ցուցադրում են թատերականացված կադրեր՝ սահմռկեցուցիչ տեսարաններով,ու դա վերագրում են Ռուսաստանին։Բայց սույն թվականի փետրվարի 24-ից սկսված Ռուսաստանի կողմից ռազմական օպերացիան միմիայն մեկ նապատակ է հետապնդում՝Ուկրաինան եվ ուկրաինական ժողովրդին ազատագրել ֆաշիզմի, նացիզմի եվ տեռորիստական խմբավորումների ճիրաններից։Եվ այդ իրադարձություններից հետո, շատ անհասկանալի ձեվով, իրենց մարդկային եվ ժողովրդավար կոչած, տարբեր երկրներում եվրոպական արժեքներ քարոզող եվրոմիության երկրները, ինչպես նաեւ Ամերիկան եվ Մեծ Բրիտանիան հովանավորում են եվ ֆաշիզմը, եվ նացիզմը, եվ տեռորիստական խմբավորումներին՝զենք-զինամթերքով։Սա շատ անհասկանալի է, բայց միաժամանակ նաեւ հասկանալի վտանգավոր,որ վերածնվում է եվրոֆաշիզմը՝ԱՄՆ-ի եվ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ։Դրա վառ ապացույցը եվրոպական երկրներում 1945թ․հաղթանակած վանդալիզմի դրսեվորում ներն էին՝Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշակոթողների, կիսանդրիների նկատմամաբ։Եվս մեկ անգամ ուզում ենք նշենք, որ ՀԿԿ Կիրովականի քաղաքային կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանին եվ ռուս ժողովրդին՝ հերթական անգամ երկրագունդը ֆաշիզմից ազատագրելու գործում։Ինչ վերաբերվում է Ուկրաինայի ժողովրդին, որի մի մասն այսօր ստիպված է եղել լքել երկիրը, Ռուսաստանի ռազմական հաջողություններից հետո ,մեր ցանկությունն է, որպեսզի նրանք ետ վերադառնան, ինչպես նաեւ միավորվեն Ռուսաստան-Բելառուս միությանը/իհարկե նաեւ Հայաստանը պետք է մտնի դրա մեջ/։Դա է այսօր նախկին սովետական երկրների անվտանգության երաշխիքը։Չէ՞ որ մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց Սովետական միության փլուզումը․ամեն տեղ պատերազմ, ավերածություններ, մարդկային միլիոնավոր զոհեր, աղքատություն, գործազրկություն, գործարանների թալան։

-Մի քանի խոսք՝այսօր Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժման մասին։

-Այս տարի էլ Հայաստանի կոմկուսը անց է կացրել մայիսմեկյան միջոցառում,որից հետո Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել հավաք՝ի պաշտպանություն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ օպերացիայի։Ինչ վերաբերվում է այսօր տեղի ունեցող հայաստանյան քաղաքական գործընթացներին, մենք համոզված ենք, որ այս իշխանությունները տապալել են բոլոր կառավարման ոլորտներում,եվ պետք է հեռանան․բայց նաեվ պետք է կրեն պատասխանատվություն՝իրենց օրոք տեղի ունեցած ձախողումների համար։Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը/հակառուսական/ տանում է նրան, որ մի կետից ղեկավարվող թե Ուկրաինայի պրեզիդենտը, թե Հայաստանի վարչապետն իրենց վարած անհեռատես քաղաքականությամբ իրենց երկրներում բերեցին պատերազմներ, անմեղ զոհեր, տարածքների կորուստներ։Այս իշխանությունների անհեռատես քաղաքականությունից բխող քայլերի հետեվանքով Հայաստանում կարող է իրականացվել արեվմուտքի կողմից ծրագրված Ուկրաինա -2․դա պետք  է կանխվի։

-Կոմկուսում հայացքների սուր բախումներ չկան, բայց Հայաստանի ներքաղաքական դաշտի գնահատման առումով էլ կոմկուսում կարծիքները տարբեր են։Ոմանք չեն հանդուրժում նախկինների հնարավոր վերադարձը՝քաղաքական դաշտ,անհանդուրժողական մոտեցում են դրսեվորում նախկինների ակտիվության  հանդեպ։Առհասարակ, դատելով ֆեյսբուքում տարբեր կարծիքների ուսումնասիրությունից, եվ ելնելով մեր անձնական դիտարկումներից,Հայաստանի կոմկուսում միանշանակ մոտեցում կարծես չկա ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցում, եվ Ռուսաստանի նկատմամբ քաղաքական դիրքորոշման հարցում կոմունիստներ կան,որ դրական են վերաբերվում Ռուսաստանի ռազմական գործողություններին, եվ կան, որ բացասական։Արդյո՞ք սրանից կարող ենք եզրակացնել, որ կոմկուսն այս առումով ժողովրդավարական է,ազատ կարծիքի հանդեպ հանդուրժողական։Եվ արդյո՞ք այս առումով կա ճնշում՝այլ կերպ մտածող կոմունիստների նկատմամբ։

-Հայաստանի կոմունիստական կուսակցության Վանաձորի գրասենյակը միշտ է եղել ժողովրդավարական, գործել է հրապարակային։Բայց ձեր մատնանշած ոմանց հետ,որոնք եզակի են, փորձում ենք բացատրական աշխատանք տանել,չենք ճնշում նրանց ազատ խոսքի իրավունքը։

-Դուք նախկին իշխանությունների օրոք անհաշտ ընդդիմություն եք եղել,հանդես եք եկել ընդդիմադիր ասուլիսներով, կազմակերպել հանրահավաքներ՝Վանաձորում, բայց այսօր ընդդիմադիրներից ոմանք պարբերաբար ասում են՝,,վերականգնենք սիրո եվ համերաշխության մթնոլորտը,,։Հայաստանում վերջին 30 տարիներին, կամ մինչեւ 2018թվի հեղափոխությունը, երբեվէ եղե՞լ է համերաշխության մթնոլորտ։

-Համերաշխության եվ սիրո մթնոլորտ եղել է միայն Սովետական միության ժամանակ,սոցիալիստական հասարակարգում։

-Վերջում ի՞նչ կասեիք։

-Հայաստանում ցանկացած իշխանություն պետք է հասկանա,որ Հայաստանի կոմկուսը ոչ մի վայրկյան չի շեղվելու իր գաղափարախոսությունից,եվ տարածելու է այդ մարդասիրական գաղափարախոսությունը,որի վառ օրինակը Սովետական միության կազմում Հայաստանի 70 տարվա զարգացումն էր։Ինչ վերաբերվում է այսօրվա քաղաքական մթնոլորտին, Հայաստանում պետք է անցկացվեն նոր, արտահերթ ընտրություններ, բայց առանց այս իշխանությունների մասնակցության, միայն նրանց հրաժարականից հետո։Իշխանությունների հրաժարականից հետո նախ պետք է կազմվի կոալիցիոն կառավարություն՝բոլոր քաղաքական ուժերից, այնուհետ անցկացվեն նոր ընտրություններ,որի արդյունքում պարզ կլինի, թե ժողովուրդը որ ուժին է նախապատվությունը տալիս։Իսկ այս իշխանությունների հետ ընտրությունների գնալը նշանակում է Հայաստանի եվ Արցախի հերթական,միգուցե ավելի վատ կործանումը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր



среда, 13 апреля 2022 г.

Նախկին արգենտինաբնակ վանաձորցին Արգենտինայի եվ Հայաստանի մասին, սոցիալիստական հին ու նոր հիշողություններով

 

Վանաձորցի 62-ամյա Արման Քարհանյանը մեկն է այն հազարավորներից,որոնք 90-ականներին, Սովետական Միության փլուզումից հետո ստիպված էին Հայաստանից արտագաղթել՝իրենց ընտանիքի ապրուստը հոգալու նպատակով,քանի որ, ինչպես գիտենք, այդ տարիներին Հայաստանում սկսվեց մասսայական գործազրկություն, սեփականաշնորհման անվան տակ գործարանների թալան, էներգետիկ ճգնաժամ,հազարավոր աշխատատեղերի վերացում։Երկար տարիներ Արգենտինայում ընտանիքով ապրելուց հետո հարկադրված է եղել կրկին վերադառնալ Հայաստան/առանց ընտանիքի/,քանի որ Հայաստանում մնացած եվ արդեն խնամքի ենթակա ծնողների հանդեպ որդիական պարտք ուներ, եվ,միաժամանակ հայրենիքի կարոտն էր կանչում։Ու արդեն 10 տարի է՝Հայաստանում է։Բայց ցանկություն ունի այցելել Արգենտինա,քանի որ այնտեղ գտնվող երեխաների կարոտն է խեղդում։Մյուս կողմից էլ, հիասթափված է Հայաստանի ներկա վիճակից,որտեղ մխիթարական քիչ բան է տեսնում՝նորմալ ապրելու համար։Նկատի ունենալով, որ Արգենտինան այն երկրներից է,․որ Հայաստանի հետ մուտքի արտոնագիր չի պահանջում այնտեղ մեկնելու համար, եվ նկատի ունենալով Արգենտինայում մեր ֆեյսբուքյան համախոհների ակտիվությունը, մեր սերնդակցին ու հայրենակցին խնդրեցինք պատմել իր հիշողություններն Արգենտինայի մասին։

,,1997թ․Հայաստանից հեռանալուց հետո Արգենտինայում 4 տարի բնակվել ենք առանց փաստաթղթերի կարգավորման․ոչ մի անգամ մեզ չեն նեղել,ոչ մի կարգի խտրականության չենք հանդիպել,այդ երկիրը չունի արտաքսելու օրենք,,-երախտագիտության զգացմունքով է խոսում մեր զրուցակիցը՝Արգենտինայի օրենսդրության մասին։Չնայած Արգենտինան կապիտալիստական երկիր է/մեր զրուցակցի խոսքով՝,,վայրի կապիտալիզմի,,երկիր/,բայց կան սոցիալիզմին բնորոշ գծեր։Ջուրն այնտեղ համարվում է կենսագործունեության համար կարեվոր գործոն, ու սա բնական է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար, բայց, ի տարբերություն Հայաստանի,այնտեղ չեն կարող բնակչի ջուրն անջատել՝պարտքի պատճառով:Բնակելի շենքերն ունեն իրենց կաթսայատները՝ջեռուցման համար․բացառությամբ շատ հին շենքերի/ ի տարբերություն  Հայաստանի,որտեղ 90-ականների վերջերից արդեն սկսեցին  բնակիչներին շահագրգռել,որպեսզի ջեռուցման մարտկոցները վաճառեն՝որպես մետաղաջարդոն․անուղղակիորեն հուշելով, որ ով՝ ինչպես ուզում է, ինչով ուզում է՝ թող իր բնակարանը ջեռուցի, պետությունը ձեռքերը լվանում է ջեռուցման համակարգից, եվ միայն հիմնարկ-ձեռնարկություններում է պահպանվում կենտրոնացված ջեռուցման համակարգը՝կաթսայատների միջոցով։Բնակչության անվճարունակ մասն անցավ վառելափայտի՝երկրաշարժից հետո չամրացված ու վթարային դարձած բնակարաններում փայտ ջարդելով ու վառելով։-Գ․Հ․/։Բնակելի շենքերի շքամուտքերը,ինչպես պատմեց մեր զրուցակիցը,Արգենտինայում մաքրում են հավաքարարները,/այնպես, ինչպես սովետական տարիներին Հայաստանում, մինչդեռ անկախացումից հետո հավաքարարների հաստիքներն աստիճանաբար վերացան՝նախկին ԲՇՏ-ների կազմում, ԲՇՏ-ներն էլ փոխարինվեցին մեծ թվով համատիրություններով, հաճախ՝կեղծ ժողովներով ու թղթի վրա գրված արձանագրություններով ստեղծված։-Գ․Հ․/ 

   Ի տարբերություն Հայաստանի, սոցիալիստական ուժերն ընդգրկված են Արգենտինայի օրենսդիր մարմնում/ի տարբերություն Հայաստանի, որտեղ 2007թվից սկսած՝կոմունիստներն արդեն չկարողացան մտնել խորհրդարան-Գ․Հ․/։Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ Արգենտինայում հիմնավորվելիս սկզբնական շրջանում  հայ համայնքն է աջակցել իր ընտանիքին․օգնել են երեխաներին ուսման տալու, իր համար աշխատանք գտնելու ,բնակարանով ապահովելու հարցում։Բայց, ինքն էլ, որպես արժանապատիվ հայ,իր լուման է ներդրել եկեղեցաշինության գործում,կամավոր-հասարակական հիմունքներով մասնակցել է եկեղեցու շինարարության աշխատանքներին։Ի դեպ,ներկայումս էլ Վանաձորում է Արմանն ընդգրկված կամավոր-հասարակական աշխատանքներում, աշխատում է Միջազգային Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակում,հմուտ է եվ շինարարության, եվ խոհարարարական գործում, մտադիր է հիմնել բարեգործական ճաշարան։

     Մեր զրուցակիցն ափսոսում է, որ այսօր Վանաձորում չկա ազատ,անկախ մամուլ,ու դրա համար հայաստանյան քաղաքական իրադարձություններին ինտեգրվում է մայրաքաղաքային՝երեվանյան թերթերով։Երբ 2021թ․դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին քարոզչության շրջանակներում Արմանին հանձնեցինք ,,Հայաստանի կոմունիստ,, թերթի նախընտրական համարը,զարմացավ եվ ուրախացավ, որ կոմունիստական գաղափարախոսությունը դեռ կա,կոմունիստներ կան։,,Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել կուսակցությանը,,-պատրաստակամություն հայտնեց մեր զրուցակիցը։Բայց ընդգծում է,որ ինքը սոցիալիստ է։Ափսոսում է Սովետական միության փլուզման համար ու հուսով է, որ հայ-ռուսական բարեկամության ծրագրի շրջանակներում հնարավոր է ետ բերել եվ նախկին միությունը, եվ սոցիալիստական անցյալը։,,Բայց չէ՞ որ այսօրվա Ռուսաստանը կապիտալիստական է,,-իմ այս դիտարկմանը հիշատակում է Պուտինի խոսքերը, որ միամտություն կլինի կարծել, որ Սովետական միությունը նախկին տեսքով ետ կարելի է բերել։Իսկ սոցիալիզմի վերածնունդը հնարավոր է համարում ոչ միայն  Ռուսաստանի կոմունիստների, այլեվ՝արեվմտյան սոցիալիստական ուժերի շնորհիվ։ Ողջունում է, որ ամբողջ աշխարհում հիմա սոցիալական ընդզվումների ալիքներ են ՝ընդդեմ կապիտալիզմի։Եվ հուսով է, որ մի օր համաշխարհային սոցիալիզմի միջոցով սոցիալիզմը ետ կգա Հայաստանում։Ափսոսում է, որ այսօր հազարավոր սփյուռքահայեր չնայած մեծ ցանկություն ունեն ետ վերադառնալ, բայց Հայաստանում չկան նպաստավոր պայմաններ, որոնք կստիպեն արդեն տարիներ շարունակ դրսում հիմնավորված մարդուն ետ վերադառնալ։Գտնում է, որ Հայաստանի ռազմավարական կառույցները, որոնք մասնավորեցված են/թեպետ՝ԱԺ 1995թվին կառավարության որոշմամբ արգելվում էր վաճառել ռազմավարական նշանակության օբյեկտները, սակայն 1998-ից հետո, երբ երկրում իշխանափոխություն եղավ, այդ օբյեկտներն սկսեցին սեփականաշնորհվել-Գ․Հ․/,պետությունը պետք է ետ գնի կամ առնվազն մասնաբաժին ունենա դրանց կառավարման մեջ։

    Դժգոհ է Հայաստանի բանկային համակարգից, վարկերի բարձր տոկոսներից, հարկային դաշտից, եվ համոզված է, որ եթե գործարարներն աշխատեն օրինական դաշտում, կսնանկանանան, քանի որ հարկերը շատ բարձր են։,,Սկսնակ գործարարներին պետք է 1-2 տարի ազատեն հարկերից,,-գտնում է իմ զրուցակիցը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող

---------------------------------------------------------

Հոդվածը զետեղվել է նաեւ Արգենտինայում լույս տեսնող ,,Նոր Սեվան,, կայքում, 12․04․2022թ․

среда, 16 февраля 2022 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի պաշտպանության կոմիտեի                   նախագահ Աշոտ Մելիքյանին,

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին,

ԱԺ պատգամավոր նախկին լրագրողներին

------------------------------------------------------------

             Արդեն քանի տարի է՝համացանցում ահազանգում եմ քաղաքացիական լրագրողների իրավունքներին առնչվող մի խնդրի․այն է՝ԱԺ-ում օրենք ընդունել թղթակիցների աշխատանքը որպես ստաժ հաշվարկելու մասին,որպեսզի աշխատանքային ստաժ հաշվարկվի ոչ միայն գրքույկը,այլեվ՝տեղեկանքը առ այն, որ տվյալ անձը թղթակցել է տվյալ ԶԼՄ-ին՝տվյալ ժամանակահատվածում։Եթե թղթակիցն ստորագրել է հաշվապահական մատյաններում,ուրեմն դա պետք է դիտարկվի որպես աշխատանք․անկախ նրանից, թե անձը նաեւ հիմնական աշխատանք է ունեցել թե չի ունեցել։Միաժամանակ հարկավոր է աշխատանքային ստաժ համարել նաեւ կայուն,պարբերական լրատվությամբ հանդես գալը որեվէ բլոգում,կայքում, սոցիալական ցանցում։Չէ՞ որ դա էլ է հասարակական աշխատանք, այնպես, ինչպես ցանկացած աշխատանք՝հասարակական որեվէ կազմակերպությունում համարվում է ստաժ։

․․․․2011թվից բլոգեր եմ,ստեղծել եմ 3 բլոգ՝իմ անձնական խնայողությունների, ոչ մեծ նվիրատվությունների եվ բարի մարդկանց աջակցությամբ։Միաժամանակ ֆեյսբուքում եմ լրագրողական կայուն գործունեություն ծավալել,բարձրաձայնել եմ հասարակությանը հուզող տարաբնույթ խնդիրներ,դրանց հետ կապված նամակագրություն եմ վարել համապատասխան պետական կառույցների հետ։Սակայն որեվէ պետական կամ դրամաշնորհային աջակցություն չեմ ստացել,գովազդներ չեմ տեղադրել։Ավելին՝ինքս եմ զգալի ֆինանսական ռեսուրսներ ծախսել՝ինտերնետային վճարովի ակումբներից օգտվելու համար/բացառությամբ՝վերջին 2 տարին,երբ օգտվել եմ Ամերիկյան անկյունից՝պատահաբար իմանալով նման հնարավորության մասին։1998թվին քաղաքական հալածանքների հետեվանքով ,,սեփական դիմումի,,համաձայն ազատվել եմ պետական աշխատանքից՝Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանի մատենագետ,եվ վերջնականապես ոտք դրել լրագրական դաշտ։25 տարվա լրագրողական գործունեությանս միայն 4․5 տարին է աշխատանքային գրքույկում, մնացածը՝թղթակցայինը եվ բլոգերայինը, օրենքից դուրսի կարգավիճակում են։Ինչու՞։Ո՞րն է սրա տրամաբանությունը։Մինչեւ ե՞րբ ենք շարժվելու քարացած օրենքներով։Եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, որտեղ կա ,,քաղաքացիական լրագրություն,, հասկացություն,, ինչու՞ այդ լրագրությունը օրենքի դաշտ չի մտնում։Ի վերջո, ե՞րբ է Հայաստանում որեվէ մեկը պետական կառույցում, ԱԺ-ում հարց բարձրացնելու,թե ինչու՞ թղթակցական գործունեությունը,համացանցային գործունեությունը չի համարվում ստաժ։Միգուցե պետք է ֆեյսբուքի տնօրինությա՞նը դիմել՝հանձինս Ցուկերբերգի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

пятница, 21 января 2022 г.

,,Ամենամեծ շահը հոգեվորն է,,

 Կան մարդիկ, որոնք չնայած գրողների կամ լրագրողների միության անդամ չեն, եվ անգամ՝ բանասիրական կրթություն չունեն,բայց՝հոգու կանչով ստեղծագործում են։Նման մարդկանցից մեկն էլ մասնագիտությամբ քիմիկ,Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ եվ Կիրովականի ,,Ավտոգենմաշ,, գործարանի նախկին երկարամյա աշխատող,ներկայումս՝կենսաթոշակառու Ահարոն Իսոյանն է,ով 2018թվին գիրք է լույս ընծայել իր ծննդավայրի՝Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի պատմության,մարդկանց եվ նրանց կատարած գործերի մասին։,,Միայն իր բնօրրանի հանդեպ սիրով լցված մարդը կարող էր այսպիսի գիրք ստեղծել, միայն իր բնօրրանի հոգսերով ու վաղվա օրով ապրող մարդը կարող էր իր թանկ ժամանակը ծախսել այսպիսի անշահ գործի համար։Ասացի անշահ, բայց ամենամեծ շահը հոգեվորն է,իսկ հեղինակի համար իսկապես կա այդ հոգեվորը, քանզի սերունդները պետք է հիշեն նրան,,-գրքի առաջաբանում նշել է ծովազարդցի Շալիկո Մնեյանը։1897թվին 887բնակիչ ունեցող Ծովազարդ գյուղը 2004-ին ունեցել է 2195բնակիչ։Գրքից տեղեկանում ենք, որ Արեվմտյան Հայաստանից Ծովազարդ են գաղթել 1915թ․Մեծ եղեռնից փրկված շուրջ 27 ընտանիք,իսկ բնակիչների մի մասն էլ փոխադրվել են Գավառի շրջանի Արծվաքար եվ Սարուխան գյուղերից։Հենց Արեվմտյան Հայաստանից գաղթած Սահակյաններից մեկի պատմածով էլ ներկայացվում են հայկական ջարդերի մասին ցավալի վկայություններ։Գրքի մեջ տեղ են գտել Հայրենական Մեծ պատերազմին,Արցախյան պատերազմին եվ մասնավորապես՝2016թ․քառօրյային մասնակցած ծովազարդցիների մասին կենսագրական տեղեկություններ, լուսանկարներ, եվ այս առումով գիրքը պատմական լուրջ արժեք է ներկայացնում։Գրքում ներկայացված են նաեւ Ծովազարդում ծնված մտավորականներ, նշանավոր մարդիկ՝հեղինակի բնորոշմամբ։Պարզվում է, ծովազարդցի է նաեւ հայտնի երգիչ Ներսես Իսպիրյանը,որ 1990-ականներին տեղափոխվել է Ամերիկա, եվ որդին նույնպես երգիչ է՝Արաբո Իսպիրյան։Հատկանշական է, որ հեղինակը սիրով՝անվանիների շարքին է դասել նաեւ իր գյուղի հասարակ մարդկանց, պարզ շինականին,վերջիններիս մեծարելով որպես ,,Անվանի երիտասարդ հյուսներ,, ,,Անվանի հովիվներ,, ,,Անվանի կթվորուհիներ,, ,,Անվանի քարտաշներ,,։Թվարկել է նաեւ տարբեր ժամանակներում գյուղը ղեկավարած գյուղխորհրդի նախագահներին,ներկայացրել է տոհմագրական տվյալներ, տոհմածառեր։Զգացվում է, որ հեղինակը հանդիպել եվ զրուցել է շատերի հետ, հավաքել տեղեկություններ, մանրամասն պրպտել։Գիրքն արժեքավոր է նաեւ բանահյուսական տեսանկյունից․այստեղ տեղ են գտել հարսանիքներին եվ թաղումներին վերաբերվող ծիսակատարությունների մանրամասն նկարագրություններ,ժողովրդական խաղեր, երգեր, ասացվածքներ,բարբառային արտահայտոթյուններ՝դրանց զուգահեռ ներկայացված գրականով։ Հեղինակի աչքից չեն վրիպել նաեվ գյուղը շրջապատող հին դամբարանները, խաչքարերը, եկեղեցին։Կան նաեւ հետաքրքիր պատմություններ՝ծովազարդցիների հետ պատահած։Գրքում տեղ են գտել նաեւ մեծ թվով անեկդոտներ/ի դեպ, գրքից եվ անձամբ հեղինակից տեղեկացանք, որ այժմ պատրաստվում է լույս ընծայել նաեւ անեկդոտների ժողովածու՝մոտ 3000անեկդոտ,ինչպես նաեւ գիրք՝նվիրված աշխարհի ֆուտբոլի պատմությանը, որի մեծ երկրպագուն է Ահարոն Իսոյանը/։

․․․Թերեվս, համեստությունն է պատճառը, որ մինչ օրս Ահարոն Իսոյանը գրողների միության անդամ չէ եվ ընդհանրապես գրական շրջանակներում հայտնի չէ։Հեղինակին,որ, չնայած պատկառելի տարիքին, ստեղծագործում է երիտասարդի ավյունով, ցանկանում ենք նորանոր հաջողություններ՝նոր գրքերի հրատարակման գործում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր,ՎՊՄԻ լեզվագրական ֆակուլտետի շրջանավարտ