четверг, 19 мая 2022 г.

Հայ դասականները մակուլատուրա են դառնում փոշու մեջ

 Իսկ հայ ստեղծագործողներից ոմանք մնում անհայտության մեջ

-----------------------------------------------------------------------------------------

Այցելեցինք Վանաձորի ,,Լոֆթ,, կենտրոն, փորձելով պարզել, թե ինչով է զբաղված այս կառույցը,որի բացմանը թե վերաբացմանը ներկա էր եղել վարչապետ Փաշինյանը՝մեկ ամիս առաջ։Հենց մուտքում բար-սրճարանն է՝երիտասարդ, ժպտադեմ մատուցողուհիով,անկյուններում նկատվեցին սեղան-բազմոցներ,շեմքում՝գահավորակ, ավելի խորքում նկատելի էին գրքեր՝շարված կողք-կողքի։Աշխատակցուհու հետ զրույցից պարզվեց, որ սա ավելի շուտ ընթերցասրահ-սրճարան է․․․,,Կարող են գիրք վերցնել եվ մեկ բաժակ սուրճի հետ զբաղվել ընթերցանությամբ,,-պարզաբանեց աշխատակցուհին։Բայց քանի որ կենտրոնն ունի նաեւ ինտերնետ-ծառայություն՝վճարովի/1 րոպեն 10 դրամ/,ուստի կարելի է ասել, որ նաեւ ինտերնետ-սրճարան է,որպիսին եղել է Վանաձորում դեռեվս 10-15 տարի առաջ, բայց՝այն հիմա չկա։Հիշեցնենք, որ ,,Լոֆթ,, կենտրոնին այս տարածքը,որ նախկինում պատկանում էր ,,Անհաղթ աքլոր,, մանկական մշակութային պետական կենտրոնին՝գրադարանային համակարգում, հատկացվել է դեռ անցած տարի,կառավարության որոշմամբ, ինչի մասին հայտարարվել է հեռուստատեսությամբ, բայց՝որեվէ պատգամավոր չքննադատեց, թե ինչու գործող գրադարանի տարածքը հանձնվում է ,,դրսի,, ծրագրով աշխատող կառույցի, որին կարելի էր այլ տեղ հատկացնել,եվ ստիպված չէին լինի մանկական գրադարանի գրքերն օպտիմալացնել մարզային գրադարանի հետ, աշխատողներին էլ հետը՝,,նեղ արեք, տեղ արեք,, սկզբունքով։Չէ՞ որ կարելի էր ,,Լոֆտին,, տեղ հատկացնել մեկ այլ վայրում․Վանաձորում ինչն է շատ՝դատարկ տարածքները՝շենքերի առաջին հարկերում․վարձակալության տրվող կամ վաճառվող։Ու վերացավ մանկական մի հրաշալի կենտրոն․հանուն ինչի՞,մշակութային բիզնեսի՞․․․․/Այդ առթիվ հանդես եմ եկել ,,Լոֆթը հաղթեց անհաղթ աքլորին,, համացանցային հրապարակումով/։

․․․Վանաձորի Տիգրան Մեծ/Նժդեհ խաչմերուկին կից, ,,Լոֆթ,, կենտրոնի լուսամուտների տակ գրքերի բացօթյա վաճառք է իրականացվում՝տարիներ շարունակ։Մեր այցելության պահին ,,Լոֆթի,, աշխատակցուհին տարեց գրավաճառողուհուն՝ազգությամբ ուկրաինուհի, դիտողության կարգով խնդրեց, որ գրքերի մի մասը՝լուսամուտի առջեվ դրսից ցուցադրված, հեռացնի, որովհետեվ ,,այն խանգարում է կենտրոնի համակարգչավարին,,։Դա ակնհայտորեն դուր չեկավ տարեց գրավաճառողուհուն՝անհատ ձեռներեց, եվ նա իր հերթին քաղաքավարությամբ հասկացրեց, որ գրքերը կհեռացնի լուսամուտի տակից իր աշխատանքային օրվա ավարտին, ժամը 15-ից, եվ հավելեց, որ ինքն ունի բոլոր օրինական փաստաթղթերը՝այդտեղ գործունեություն ծավալելու։Հատկանշական է, որ եվ ,,Լոֆտի,, աշխատակցուհու համար էր աշխատանքային առաջին օրը, եվ գրավաճառողուհու՝պայմանականորեն, որովհետեվ այդ բացօթյա վաճառակետը ձմռան ամիսներին չի գործում՝եղանակային պայմաններից ելնելով։Ինչպես տեղեկացանք գրավաճառողուհուց, բնակչությունը դժվարությամբէ գրքեր գնում,ինտերնետը պակասեցրել է գրքերի նկատմամբ հետաքրքրությունը,քանի որ ինտերնետով էլ են գիրք կարդում,տուրիստներ էլ հազվադեպ են լինում քաղաքում՝գրքերով հետաքրքրվող։Ամենամեծ պահանջարկն ունեն հայկական ժողովրդական հեքիաթները, Հովհաննես Թումանյանը,Պարույր Սեվակը,Նարեկացին, ,,Հայկական խոհանոցը,,՝սովետական տարիներին ռուսերեն հրատարակված,մեղվաբուծությունը, այգեգործությունը, անասնաբուժությունը։Ուսանողությունը երբեմն գնում է այն գրքերը, որոնք հանձնարարված է կարդալ։Ցավալի էր տեղեկանալ, որ երբեմն հայ դասականների գրքերն այնքան են որակազրկվում, որ արդեն որպես մակուլատուրա կարող է այն իրացվել․բայց դա էլ լուրջ խնդիր է, քանի որ մակուլատուրա հանձնելու ծախսն ավելի մեծ է՝տրանսպորտի հետ կապված, իսկ հանձման արժեքը չնչին/։Մեր այցելության պահին 2 տղամարդ էին հետաքրքրվում, թե արդյոք՞ կարող են գրքեր վաճառել, բայց գրավաճառողուհու անմխիթար պատասխանից հուսահատ հեռացան։Հարց է ծագում, իսկ ինչու՞ պետությունը չի կազմակերպում գրքերի գնում ինչու՞ հանրապետության երրորդ քաղաքը չունի   բուկինիստական գրախանութ․ինչպես նախկին տարիներին՝մինչեւ անկախության սկզբնական տարիները։Ի դեպ, մեկ ամիս առաջ ֆեյսբուքով հայտարարվեց, որ ,,Լոֆթ,, կենտրոնը բնակչությունից գրքեր է գնում, բայց պարզվեց, այդ գործընթացն այլեվս չկա։Իսկ սա նշանակում է, որ գրքերը պարզապես կարող են հայտնվել աղբանոցում նրանց կողմից, ովքեր ,,նեղվում,, են դրանց ներկայությունից։

1998թվից հետո գրահրատարակչության ամբողջ ցանցը լուծարվեց հանրապետությունում,գրախանութների տարածքները մասնավորեցվեցին,12 գրախանութ Վանաձորում վերացավ՝հաջորդաբար։Ինչքան բողոքեց դրա դեմ ,,Վանք-91,, գրատների միավորման նախկին տնօրեն, հանգուցյալ արձակագիր Լեվոն Գրիգորյանը, բայց՝ապարդյուն/,,Առավոտում,, հոդված լույս տեսավ՝նրա եվ կոլեկտիվի հետ մեր  հարցազրույցով․,,Վանք-91-ի ,,վանքերը,, սեփականաշնորհման ճանապարհին,,/․կոլեկտիվը պահանջում էր անհատական մասնավորեցում, տարածքների կտրատում, տնօրենը գտնում էր, որր պետք է համակարգն ամբողջությամբ մասնավորեցվի, որ պրոֆիլը չփոխվի եվ ,,գրքի փոխարեն երշիկ չվաճառեն,,։Գրախանութների լուծարումից հետո ստեղծվեցին մի քանի անկախ գրատներ,որոնք հիմնականում գրենական պիտույքներ են վաճառում եվ պատվիրակված գրականություն, բնակչությունից գրքեր չեն գնում։Բնականաբար, այս պայմաններում գին թելադրողը մնում է փողոցը, եվ հայ դասականը կարող է գնվել անգամ տասնապատիկ էժան, քան՝մեկ կիլոգրամ ելակը։Էլ ո՞վ շահագրգիռ կլինի, որ գիրք հանձնի,թերեվս՝ամենաանճարները։Հեռուստատեսությամբ ամեն օր լսում ենք, որ ,,Նյու մեգն,, այս է հրատարակել, այն է հրատարակել․արեվմտյան արժեքներ քարոզող գրականությունն է հիմնականում առաջին տեղում, երկրորդ տեղում՝անհայտ չափանիշներով կամ գրողների միության միջոցով կամ միջամտությամբ ընտրված գրողները․այս ոլորտն էլ է քաղաքականացված եվ մենաշնորհային։Եվ կան ստեղծագործողներ, որոնց ստեղծագործությունները դատապարտված են մնալ կամ իրենց անձնական գզրոցներում, կամ, լավագույն դեպքում՝համացանցում․եթե սեփական էջ ունեն եվ շատ ,,հին մարդ,, չեն, համակարգչից գլուխ են հանում։Ի դեպ, գրական կայքերում տպագրվելն էլ է մի առանձին ,,մաֆիա,, եվ ԽԾԲ-ով․այնպես, ինչպես մրցույթները․հովանավոր ունենաս՝թեկուզ ամենաանտաղանդ գործդ կարող ես հրատարակել, կարող ես անգամ ուրիշից մտքեր գնել եվ քո անունով հրատարակել,ֆեյսբուքում ,,լայքեր,, էլ կարող ես առնել,անգամ՝մրցանակի արժանանալ, չունես՝ուրեմն դատապարտված ես անհայտության։Այս առումով շահեկան վիճակում են Հայաստանի գրողների միության անդամները,որոնք կարող են արժանանալ որեվէ բարեգործի ուշադրությանը իշխանության միջամտությամբ նաեւ․բայց, ըստ տեղեկությունների,միության անդամ դառնալու համար առնվազն 3 անուն գիրք պետք է ունենաս տպագրված․բայց որտեղի՞ց, եթե մարդը չունի հովանավոր կամ բարերար, կուսակցական տանիք,բավարար եկամուտներ,եվ միակ հարստությունը ստեղծագործական ձիրքն է։Այստեղից էլ մտավորականության կախյալ վիճակը՝փողի քսակներից։Եվ ով որ չի տիրապետում այդ խաղի կանոններին, կարող է հայտնվել սեփական երկրում վտարանդի գրողի կարգավիճակում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий