2021թ․Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ Վանաձորի ընտրություններից անցել է 6 ամիս, եվ, ցավոք, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում կոմկուսի Վանաձորի քաղկոմը չկարողացավ բավարար ձայներ հավաքել։Բայց՝գրասենյակի դուռը դրանից հետո չի փակվել եվ բաց է եղել թե անդամների, թե ակտիվիստ քաղաքացիների առաջ։Մի քանի անգամ տեղի են ունեցել ժողովներ,քաղաքական տեսանյութերի դիտում եվ քննարկում, բանավեճեր՝կառուցողական մթնոլորտում։Կան նվիրյալներ, որոնք ոչ թե պարտադրված, ժողովից ժողով են այցելել, այլ՝հոգու կանչով,սովորույթի ուժով այցելում են, հետաքրքրվում օրվա քաղաքական նորություններով։Այս ընթացքում Հայաստանի կոմկուսի կենտկոմի երրորդ քարտուղար, Կիրովականի/Վանաձորի/քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը մասնակցել է նաեւ մայրաքաղաքում կազմակերպվող բյուրոյի նիստերին ու ժողովներին, հանդիպել Ռուսաստանի պետդումայի կոմկուսի պատգամավոր Կազբեկ Տասաեվի հետ/ով, ի դեպ, տեսակապով ակտիվ կապի մեջ էր կոմկուսի հետ նաեւ՝ ՏԻՄ Վանաձորի ընտրություններին/։
Այսօրվա ներքաղաքական վիճակի եվ այլ հարցերի հետ կապված որոշեցինք հարցազրույց վարել Կոմկուսի Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար,ՀԿԿ կենտկոմի երրորդ քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի հետ։
-Վանաձորի ընտրությունների արդյունքներն առ այսօր վիճահարույց են, անգամ դատական նիստեր են տեղի ունենում այդ առթիվ, Վանաձորը մինչ օրս չունի քաղաքապետ։Կարծիքներ կան, որ նոր ընտրություններ են նախատեսվում։Հնարավոր համարու՞մ եք ձեր կուսակցության միավորումը այլ ուժերի հետ, եվ ո՞ր դեպքում դա տեղի կունենա։
-Կախված ընտրության արդյունքներից,ես համարում եմ, որ հստակ ձեվավորվել է Վանաձորի ավագանի, եվ այդ ավագանին պետք է աշխատեր։Ցավոք, այսօր իշխանությունների եվ նրանց կողմից հովանավորվող անհատների միջոցով, քաղաքն այսօր չունի քաղաքապետ, եվ քաղաքը 5 ամիս է,մատնված է անտերության, բոլոր ոլորտներում բարձիթողի վիճակ է։Ինչ վերաբերվում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների կայացմանը/ըստ հավաստի լուրերի/, եվ մեր մասնակցությանը, մեր քաղաքային կազմակերպությունն ամենօրյա ռեժիմով կատարում է իր կուսակցական գործունեությունը եվ անհրաժեշտության դեպքում կընդունվի համապատասխան որոշում ՝մասնակցության մասին։Ինչ վերաբերվում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն՝վարչապետի որոշմամբ,մենք գտնում ենք,որ Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կայացել են, կուսակցություններն ստացել են համապատասխան քվեներ, եվ իշխանությունը պարտավոր է հաշվի նստել ժողովրդի տված ձայների հետ, պետք է անցկացվի ավագանու առաջին նիստ եվ ընտրվի Վանաձորի քաղաքապետ։Ինչ վերաբերվում է հնարավոր նոր ընտրություններին մեր կուսակցության միավորմանը՝այլ ուժերի հետ, դա կախված է նրանից, թե որ կուսակցությունները կմասնակցեն, որ քաղաքական ուժերը։Դա կլինի այն ուժը, որ մոտ կլինի մեր գաղափարախոսությանը։Ընտրությունները ցույց տվեցին, որ սոցիալիստական գաղափարախոսության իրական, փաստացի կրող եվ քարոզչոթյուն տանող միակ ուժը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր։
-Ընդդիմադիր մամուլից տեղեկացանք, որ Հայաստանի կոմկուսը մտադիր է դաշինք կազմել հայ-ռուսական նորաստեղծ շարժման հետ,արդյո՞ք այդ պարագայում սոցիալիզմը երկրորդ պլան չի մղվում, քանի որ այդ շարժման/թե միության/ մեջ կան նաեւ ուժեր, որոնք սոցիալիզմ չընդունող, սոցիալիզմը մերժող ուժեր են։
-Մենք չունենք պաշտոնական ինֆորմացիա՝նորաստեղծ դաշինքի մասին, երբ որ այդ մասին քննարկում կլինի Կենտկոմի բյուրոյում,դուք դրա մասին անպայման տեղյակ կլինեք։Իսկ համագործակցությունն այս պահին ես գտնում եմ անհրաժեշտություն, որովհետեվ դա բխում է Հայաստանի,Արցախի եվ հայ ժողովրդի շահերից։
-Քաղաքական դաշտում նկատվում է մրցակցություն, թե որ ռուսամետ ուժն ավելի մոտ կգտնվի Ռուսաստանի իշխանությանը կամ կարժանանանա Պուտինի բարյացակամ վերաբերմունքին։Սակայն, որքան նկատել եմ,կոմկուսում նման մրցավազք չկա։
-Ցանկացած եկող իշխանություն պետք է հասկանա, որ հակառուսականությունը նույնն է, թե հակահայկականությունը։Դրա վառ օրինակը այսօրվա ՀՀ հակառուսական եվ սորոսական իշխանություններն են։Դեռ 2018 թվականից ասել էինք եվ բազմաթիվ հարցազրույցներում ներկայացրել ենք, որ այս իշխանություններին ներ են մուծել արեվմտյան դոնորները՝Հայաստանը Ռուսաստանից կտրելու ծրագրով։Բայց այդ ուժերին՝սորոսածին եվ ազգակործան, շատ կարճ կյանք է մնացել Հայաստանում։
-Եթե այս իշխանությունները սորոսական են, այդ դեպքում ինչու՞ են Նիկոլին մեղադրում ռուսամետ լինելու համար։
-Դա պայմանավորված է իշխանությունների երկակի վտանգավոր խաղով, եվ դրա վառ ապացույցը վերջին 10 օրերի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարի վոյաժներն էին՝Ռուսաստանի ոչ բարեկամ երկրներ/Լեհաստան,Բելգիա,ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա/։
-Ռուսաստանում մասոնականությունն արգելված է, բայց Հայաստանում մասոնական օթյակ բացվեց դեռ նախորդ իշխանության կողմից,ինչպե՞ս եք նայում այդ կազմակերպության գործունեությանը։
-Իշխանափոխությունից հետո պետք է արգելվեն օտարածին,ազգակործան կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են Սորոսի եվ նմանատիպ հիմնադրամների կողմից։
-Արցախի հարցում ձեր դիրքորոշումը․չէ՞ որ կոմունիստների օրոք, 1989թ․ Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին որոշում կայացվեց, բայց այն առ այսօր թղթի վրա է։Պուտինը քանիցս ասել է, որ պետք է ճշտվի Արցախի կարգավիճակը։Բայց Հայաստանի թե նախորդ, թե ներկա իշխանությունների օրակարգում այդ հարցը չի եղել․ավելին, վերջին տարիներին Արցախը դուրս մղվեց նաեւ բանակցային կողմ լինելուց, ինչը քանիցս քննադատվել է նաեւ կոմունիստների կողմից։Ձեր կարծիքը։
-Ես բազմիցս հայտարարել եմ, որ ցանկացած իշխանություն պատասխանատու է իր ղեկավարած ժամանակահատվածի համար։Այս իշխանությունները պատասխանատու են 2018թվականից այս կողմ տեղի ունեցող քաղաքական գործընթացների համար։Այն, որ 2018թվականից հետո ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից հայտարարվեց, որ Արցախը Հայաստան է եվ վերջ, ինչպես նաեւ ,,մենք բանակցելու ենք զրո կետից,, բերեց նրան, որ տապալվեցին 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները,ունեցանք կորուստներ, զոհեր՝2020թվի նոյեմբերին,պատերազմ, կորցրած տարածքներ, տասնյակ հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, գերիներ։
Այսօրվա իշխանություններն այս խայտառակությունից հետո իրավունք չունեն որոշել Արցախի ճակատագիրը։Դա է ապացուցում այն փաստը, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված լկտի հայտարարությունները ոչ մի պաշտոնական արձագանք չեն ստանում,չեն հակադարձվում այսօրվա իշխանությունների կողմից։Արցախի կարգավիճակը,իմ համոզմամբ, պետք է ճշտվի միայն իշխանափոխությունից հետո։Ի դեպ, հիշեցնեմ, որ 2020թվի խայտառակ պատերազմից հետո Հայաստանի կոմունիստական կուսակցությունը անմիջապես հանդես եկավ այս իշխանությունների հրաժարականի պահանջով եվ ուզում ենք ընդգծել, որ հենց այսօր հայտարարություն է տարածել նաեւ Թուրքիայի արտգործնախարարը, որ հայաստանի հետ պետք է ճշտվեն նաեւ Թուրքիայի սահմանները։եթե այսօրվա իշխանությունները չեն հասկանում այս հայտարարության վտանգավորությունը,ապա նրանց հրաժարականի պահանջը այսօր փողոց դուրս եկած ժողովրդին մենք միայն ողջունում ենք։
-Դուք մի առիթով հիշատակեցիք, որ Ուկրաինան Հայաստանին չի աջակցել Արցախի վերջին պատերազմի ժամանակ․ավելին, թե այդ ժամանակ, թե ավելի վաղ տարիներին էլ զենքով աջակցել է Ադրբեջանին։Արդյո՞ք միայն դա է պատճառը, որ աջակցում եք Ռուսաստանին՝Ուկրանիայի դեմ պատերազմում, թե՞ ուղղակի հայ-ռուսական բարեկամության ծրագրի շրջանակներում է դա։
-Ամբողջ արեվմտյան մամուլը կեղծ լուրեր է տարածում, որ իբր թե Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Ուկրաինային եվ ուկրաինական ժողովրդին։Ցուցադրում են թատերականացված կադրեր՝ սահմռկեցուցիչ տեսարաններով,ու դա վերագրում են Ռուսաստանին։Բայց սույն թվականի փետրվարի 24-ից սկսված Ռուսաստանի կողմից ռազմական օպերացիան միմիայն մեկ նապատակ է հետապնդում՝Ուկրաինան եվ ուկրաինական ժողովրդին ազատագրել ֆաշիզմի, նացիզմի եվ տեռորիստական խմբավորումների ճիրաններից։Եվ այդ իրադարձություններից հետո, շատ անհասկանալի ձեվով, իրենց մարդկային եվ ժողովրդավար կոչած, տարբեր երկրներում եվրոպական արժեքներ քարոզող եվրոմիության երկրները, ինչպես նաեւ Ամերիկան եվ Մեծ Բրիտանիան հովանավորում են եվ ֆաշիզմը, եվ նացիզմը, եվ տեռորիստական խմբավորումներին՝զենք-զինամթերքով։Սա շատ անհասկանալի է, բայց միաժամանակ նաեւ հասկանալի վտանգավոր,որ վերածնվում է եվրոֆաշիզմը՝ԱՄՆ-ի եվ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ։Դրա վառ ապացույցը եվրոպական երկրներում 1945թ․հաղթանակած վանդալիզմի դրսեվորում ներն էին՝Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հուշակոթողների, կիսանդրիների նկատմամաբ։Եվս մեկ անգամ ուզում ենք նշենք, որ ՀԿԿ Կիրովականի քաղաքային կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանին եվ ռուս ժողովրդին՝ հերթական անգամ երկրագունդը ֆաշիզմից ազատագրելու գործում։Ինչ վերաբերվում է Ուկրաինայի ժողովրդին, որի մի մասն այսօր ստիպված է եղել լքել երկիրը, Ռուսաստանի ռազմական հաջողություններից հետո ,մեր ցանկությունն է, որպեսզի նրանք ետ վերադառնան, ինչպես նաեւ միավորվեն Ռուսաստան-Բելառուս միությանը/իհարկե նաեւ Հայաստանը պետք է մտնի դրա մեջ/։Դա է այսօր նախկին սովետական երկրների անվտանգության երաշխիքը։Չէ՞ որ մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց Սովետական միության փլուզումը․ամեն տեղ պատերազմ, ավերածություններ, մարդկային միլիոնավոր զոհեր, աղքատություն, գործազրկություն, գործարանների թալան։
-Մի քանի խոսք՝այսօր Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժման մասին։
-Այս տարի էլ Հայաստանի կոմկուսը անց է կացրել մայիսմեկյան միջոցառում,որից հետո Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել հավաք՝ի պաշտպանություն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ օպերացիայի։Ինչ վերաբերվում է այսօր տեղի ունեցող հայաստանյան քաղաքական գործընթացներին, մենք համոզված ենք, որ այս իշխանությունները տապալել են բոլոր կառավարման ոլորտներում,եվ պետք է հեռանան․բայց նաեվ պետք է կրեն պատասխանատվություն՝իրենց օրոք տեղի ունեցած ձախողումների համար։Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը/հակառուսական/ տանում է նրան, որ մի կետից ղեկավարվող թե Ուկրաինայի պրեզիդենտը, թե Հայաստանի վարչապետն իրենց վարած անհեռատես քաղաքականությամբ իրենց երկրներում բերեցին պատերազմներ, անմեղ զոհեր, տարածքների կորուստներ։Այս իշխանությունների անհեռատես քաղաքականությունից բխող քայլերի հետեվանքով Հայաստանում կարող է իրականացվել արեվմուտքի կողմից ծրագրված Ուկրաինա -2․դա պետք է կանխվի։
-Կոմկուսում հայացքների սուր բախումներ չկան, բայց Հայաստանի ներքաղաքական դաշտի գնահատման առումով էլ կոմկուսում կարծիքները տարբեր են։Ոմանք չեն հանդուրժում նախկինների հնարավոր վերադարձը՝քաղաքական դաշտ,անհանդուրժողական մոտեցում են դրսեվորում նախկինների ակտիվության հանդեպ։Առհասարակ, դատելով ֆեյսբուքում տարբեր կարծիքների ուսումնասիրությունից, եվ ելնելով մեր անձնական դիտարկումներից,Հայաստանի կոմկուսում միանշանակ մոտեցում կարծես չկա ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցում, եվ Ռուսաստանի նկատմամբ քաղաքական դիրքորոշման հարցում կոմունիստներ կան,որ դրական են վերաբերվում Ռուսաստանի ռազմական գործողություններին, եվ կան, որ բացասական։Արդյո՞ք սրանից կարող ենք եզրակացնել, որ կոմկուսն այս առումով ժողովրդավարական է,ազատ կարծիքի հանդեպ հանդուրժողական։Եվ արդյո՞ք այս առումով կա ճնշում՝այլ կերպ մտածող կոմունիստների նկատմամբ։
-Հայաստանի կոմունիստական կուսակցության Վանաձորի գրասենյակը միշտ է եղել ժողովրդավարական, գործել է հրապարակային։Բայց ձեր մատնանշած ոմանց հետ,որոնք եզակի են, փորձում ենք բացատրական աշխատանք տանել,չենք ճնշում նրանց ազատ խոսքի իրավունքը։
-Դուք նախկին իշխանությունների օրոք անհաշտ ընդդիմություն եք եղել,հանդես եք եկել ընդդիմադիր ասուլիսներով, կազմակերպել հանրահավաքներ՝Վանաձորում, բայց այսօր ընդդիմադիրներից ոմանք պարբերաբար ասում են՝,,վերականգնենք սիրո եվ համերաշխության մթնոլորտը,,։Հայաստանում վերջին 30 տարիներին, կամ մինչեւ 2018թվի հեղափոխությունը, երբեվէ եղե՞լ է համերաշխության մթնոլորտ։
-Համերաշխության եվ սիրո մթնոլորտ եղել է միայն Սովետական միության ժամանակ,սոցիալիստական հասարակարգում։
-Վերջում ի՞նչ կասեիք։
-Հայաստանում ցանկացած իշխանություն պետք է հասկանա,որ Հայաստանի կոմկուսը ոչ մի վայրկյան չի շեղվելու իր գաղափարախոսությունից,եվ տարածելու է այդ մարդասիրական գաղափարախոսությունը,որի վառ օրինակը Սովետական միության կազմում Հայաստանի 70 տարվա զարգացումն էր։Ինչ վերաբերվում է այսօրվա քաղաքական մթնոլորտին, Հայաստանում պետք է անցկացվեն նոր, արտահերթ ընտրություններ, բայց առանց այս իշխանությունների մասնակցության, միայն նրանց հրաժարականից հետո։Իշխանությունների հրաժարականից հետո նախ պետք է կազմվի կոալիցիոն կառավարություն՝բոլոր քաղաքական ուժերից, այնուհետ անցկացվեն նոր ընտրություններ,որի արդյունքում պարզ կլինի, թե ժողովուրդը որ ուժին է նախապատվությունը տալիս։Իսկ այս իշխանությունների հետ ընտրությունների գնալը նշանակում է Հայաստանի եվ Արցախի հերթական,միգուցե ավելի վատ կործանումը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր