вторник, 16 октября 2018 г.

Մարիետա Շահինյանը՝Ձորագէսի մասին, Հենրիկ Լիլոյանը՝Շահինյանի

Գրող-հրապարակախոս, Մոսկվայում ծնված-մեծացած Մարիետա Շահինյանը հայտնի է Հայաստանի նոր կառուցվող հիդրոկայանների մասին իր հոդվածաշարերով։Նրա ծննդյան 100-ամյակին նվիրված հոդվածում, որ լույս է տեսել 1988թվի ,,Սովետական գրականություն,, ամսագրի նույն թվի թիվ 4 համարում/,,Սովետական նոր գրականության հիմնադիրը,, հոդվածում/ Հենրիկ Լիլոյանը գրել է․,,Հիդրոցենտրալը,, ոչ միայն արտադրական, այլեւ, ինչպես դա բնորոշ է Մ․Շահինյանի ողջ ստեղծագործությանը, փիլիսոփայական վեպ է։Գրողն այն գրեց Ձորագէսի էլեկտրակայանի շինարարությանն անմիջականորեն մասնակցելուն զուգընթաց։Նա կառույց է գալիս ,,Իզվեստիա,, թերթի թղթակցի վկայականով,տեղախույզների հենց առաջին խմբի հետ։Տեղավորվելով բանվորների համար կառուցված առաջին բարաքում, նա ամբողջ օրն անց է կացնում շինարարների բրիգադներում, մասնակցում է  զանազան հանձնաժողովների աշխատանքին,, կռվում,, նախագծողների հետ, իսկ գիշերները գրում ու գրում է,,։

Հոդվածի մեկ այլ պարբերության մեջ հոդվածագիրը նշում է․,,Ճանապարհորդություն Սովետական Հայաստան,,ակնարկների գիրքն ավարտվում է Ձորագէսի պահակ Շաքարի մասին հուզիչ պատմությամբ․,,Ուզում էի գիրքն ավարտել ինձ համար թանկ մի պատկերով․․․,,-գրում է գրողն ու վերհիշում, թե ինչպես է 1927թվականին շինարարների հետ եկել Լոռի, Քոլագերան։,,Տեղացի գյուղացիները բռնեցին փայտաշեն ավանի ճամփան՝ոմանք իրենց աղքատիկ բերքը վաճառելու, մյուսները՝տեսնելու, թե իրենց համար կառույցում որեւէ  գործ կճարվի՞։Այդ գյուղացիներից մեկն էլ Շաքարն էր։Կառույցում բոլորը նրան ,,պապի,, էին ասում։Նա քայլում էր կռացած, խոսում էր շշուկով, հիվանդ լնդերի վրա դժվարությամբ  իրար բերելով անարյուն շուրթերը։Թավ հոնքերի տակից նայում էին գյուղացու բարի աչքերը․․․,,։Շաքարը բանվորներին օգնում էր մանր-մունր գործերում, նրանց աշխատանքային կենցաղը կարգավորելուն։Այդպես օրը օրի վրա․․․,,։Գրողը պատկերավոր պատմում է լոռեցի Շաքարի կյանքի աստիճանական կերպարանափոխությունը։Ի դեմս նրա, Շահինյանը սոցիալիստական բեկում է նկատում ծեծկված, հետամնաց գյուղացու հոգեբանության մեջ։Շաքարը կամաց-կամաց սկսում է շփվել բանվոր երիտասարդության կյանքին, հաճախել ժողովներին եւ նույնիսկ տեղական հարցերի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել։Շաքարը աճում է բանվորների աչքի առաջ,,։

,,Մի անգամ,-գրում է Շահինյանը,-սովորությանս համաձայն ասելով՝պապի, դույլի մեջ մի կաթիլ  ջուր չի մնացել,ես աչքերս բարձրացրի ու ․․․զարմանքից քարացա․Շաքարի մորուքը չկար․նա սափրվել էր․հենց այն վարսավիրների մոտ, որոնք իրենց արհեստանոցը բացել էին ավանում,փայտե ծածկի տակ։Նա, որ տարիներ ի վեր սնվել էր հացով ու մածնով, այժմ սկսել էր ճաշարան հաճախել․․․-Քանի՞ տարեկան ես, Շաքար,-հարցրի՝աչքերիս չհավատալով։Եվ պարզվեց, որ մեր ,,պապին,, մեր ,,ծերուկը, որին մենք թոռների ու թոռնուհիների տոնով, պատահում էր, գանգատվում էինք մեր հոգս ու ցավից, ընդամենը 32 տարեկան է,,։Մարիետա Շահինյանն այդ փաստը, դրա հետ մեկտեղ նաեւ ողջ գիրքն ընդհանրացնում է այսպես․,,Սովետական իշխանությունը կառույցում լոռեցի այդ կեղեքված, աղքատ մարդուն վերադարձրել էր իր իսկական տարիքը։Նա իր կորսված տարիքի մեջ մտավ նոր, սովետական կենցաղի հետ՝ակումբի ժողովներում, որտեղ հանկարծ նրա ձայնն էլ նշանակություն ստացավ, պրոֆմիության անդամատոմսով, թերթի՝ իրենից տասնյակ կիլոմետրերով հեռու կատարվող նորությունների նկատմամբ մինչ այդ չունեցած ետաքրքրությամբ, բանվորական նոր գիտակցությամբ   որն ստիպում է ամեն ինչի վերաբերվել տիրոջ պես,,։

---------------------------------------------------------------------------------------------------

․․․․Հ․Գ․Ձորագէսում Շաքար անունով 2 մարդ է եղել։Ամենայն հավանականությամբ, Շահինյանի հերոսը, դատելով ժամանակագրական համադրումներից, Ձորագէսի ՀԷԿ-ի 60-80-ականների տնօրենի երկարամյա վարորդ Վազգեն Սարգսյանի/եղբայրները՝Վոլոդյա եւ Վարուժան/ հայրն է/եւ իմ մանկության ընկերուհի, լուսահոգի Գայանե Սարգսյանի  պապը/,ով մեկնել էր ռազմաճակատ՝1940-ականներին եւ չէր վերադարձել․․․ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Комментариев нет:

Отправить комментарий